(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

SAH Erasmus+ Project

«Կարողությունների զարգացում ճարտարապետական ժառանգության կայունությունը ապահովելու նպատակով» (SAH Erasmus+ Project)

Նախագծի նպատակն է՝ նորացնել և բարելավել ճարտարապետական ժառանգության կայունության ապահովմանը վերաբերող ուսումնական ծրագրերը՝ ներմուծելով նոր առարկաներ/մոդուլներ: Ստեղծել ճարտարապետական ժառանգության ոլորտի համար նոր միջառարկայական ուսուցման մոդել բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի համար:

Նախագծի արդյունքում՝ յուրաքանչյուր գործընկեր համալսարան (այդ թվում ՃՇՀԱՀ-ը) պետք է բարելավի կամ ներդնի նոր ճարտարապետական ժառանքության կայունության ապահովմանն ուղղված 2 կրթական մոդուլ (1 բակալավրիատի և 1 մագիստրատուրայի կրթական ծրագրերում)՝ հիմնվելով աշխատաշուկայի կարիքների վերլուծության հիման վրա: Կմշակվեն համապատասխան ուսումնամեթոդական նյութեր, ինչպես նաև կհրատարակվեն ուսումնամեթոդական ձեռնարկներ: Կստեղծվեն «Ճարտարապետական ժառանգության կայունության» կենտրոններ, որոնք պետք է դառնան գործող հարթակ դասախոսների, ուսանողների, հետազոտողների և այլ շահակիցների միջազգային համագործակցության, կարողությունների փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման համար:

ՃՇՀԱՀ-ն կմշակի ստորև բերված վեց առարկաների ուսումնական պլաններ.

  1. Թվային տեխնոլոգիան ժառանգության համար (մագիստրատուրա, 5 կրեդիտ)
  2. Պատմական շենքի պահպանում (բակալավրիատ, 6 կրեդիտ)
  3. Ժառանգության մշակութային կարևորությունը (բակալավրիատ, 2 կրեդիտ)
  4. Ճարտարապետական ժառանգության պահպանման տեսություն և մեթոդաբանություն (մագիստրատուրա, 2 կրեդիտ)
  5. Բաց հանրային տարածքի ճարտարապետությունը քաղաքային և բնական լանդշաֆտում (մագիստրատուրա, 2 կրեդիտ)
  6. Արվեստի օբյեկտների վերականգնում ճարտարապետա-կան ժառանգությունում (մագիստրատուրա, 4 կրեդիտ)

Նախագծի տևողությունը 36 ամիս է։

Լե Աքուիլա համալսարան (Università degli Studi dell’Aquila), Իտալիա, Նախագծի համակարգող

«Rheinisch-Westfälische Technische Hochschule | RWTH» համալսարան, Գերմանիա

Աթենքի տեխնիկական ազգային համալսարան, Հունաստան

Մոսկվայի Ճարտարագիտության պետական համալսարան, Ռուսաստան

Կազանի ճարտարապետության և ճարտարագիտության պետական համալսարան, Ռուսաստան

Հյուսիսային (Արկտիկայի) Լոմոնոսովի անվան ֆեդեռալ համալսարան, Ռուսաստան

Սամարայի պետական տեխնիկական համալսարան, Ռուսաստան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Հայաստան

Գորիսի պետական համալսարան, Հայաստան

Թեհրանի համալսարան, Իրան

Թաբրիզի իսլամական արվեստի համալսարան, Իրան

Հայաստանի ճարտարապետների պալատ, Հայաստան

12 սեպտեմբերի, 2023թ․

2023 թվականի սեպտեմբերի 12-ին «Կարողությունների զարգացում ճարտարապետական ժառանգության կայունությունը ապահովելու նպատակով» (SAH Erasmus+) նախագծի համակարգող՝ Դելլ` Աքուիլա համալսարանը (Իտալիա) առցանց եղանակով կազմակերպել է է նախագծի համակարգման հերթական հանդիպումը։ Առցանց հանդիպմանը մասնակցել են գործընկեր բուհերի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՃՇՀԱՀ-ի ներկայացուցիչները (Վարազդատ Հովհաննիսյանը, Արմեն Շատվորյանը, Էմմա Հարությունյանը, Իրինա Վանյանը): Մասնակիցները քննարկել են ՃՇՀԱՀ-ում (Հայաստան) և Թավրիզի իսլամական արվեստի համալսարանում (Իրան) առաջիկա աշխատաժողովների հետ կապված կազմակերպչական հարցերը։

 

28 փետրվարի, 2023թ.

Սույն թվականի փետրվարի 28-ին ՃՇՀԱՀ-ում անցկացվեց Էրազմուս+ նախագծերի տեղեկատվական օր ներքին և արտաքին շահակիցների համար: Որպես տարբեր կոնսորցիումների գործընկեր համալսարան ՃՇՀԱՀ-ն ներկայումս իրականացնում է հինգ Էրազմուս+ նախագծեր: ՃՇՀԱՀ-ի Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ի իրականացվող բոլոր նախագծերին վերաբերող համառոտ տեղեկատվությունը։

Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի ղեկավար՝ Իրինա Վանյանը ներկայացրեց «Հայաստանի և Ռուսաստանի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համար ճկուն, նորարարական և պրակտիկ համակարգի ստեղծում» (Erasmus+ FlexWBL) նախագծի առաջընթացին վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև 2023թ․-ին իրականացվելիք աշխատանքները։

Վ․Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանում և Ղրղզստանում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակումը և հետազոտական ցանցերի ամրապնդումը աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում» (Erasmus+ GeoTAK) նախագծին վերաբերող տեղեկատվությունը։ Նա նշեց, որ նախագծի շրջանակում «Երևանի պետական համալսարան», «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամների միջև ստորագրվել է պայմանագիր, որի նպատակն է կարգավորել Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում հետբուհական բարձրագույն կրթության համատեղ ծրագրի մշակումը, իրականացումը, գնահատումը, որակի մշտադիտարկումը, նյութական, ֆինանասական, տեխնիկական ու մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը: Վ․ Հովհաննիսյանը ընդգծեց նախագծին վերաբերող ևս մեկ կարևոր իրադարձություն, որն է ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարի նամակը, որով թույլատրվել է GeoTAK նախագծի շրջանակում «Երևանի պետական համալսարան», «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամներին «ԻԴ.03.01 Աշխարհագրություն» և «Ե.23.06 Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր» մասնագիտություններով իրականացնել համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիր՝ կրեդիտների փոխադարձ ճանաչման պայմանով:

Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը ներկայացրեց «Ճարտարապետության և քաղաքացիական Ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» (Erasmus+ TACEESM) և «Կարողությունների զարգացում ճարտարապետական ժառանգության կայունությունը ապահովելու նպատակով» (Erasmus+ SAH) նախագծերի հիմնական հատկանիշները, նպատակները, խնդիրները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ներկայիս ձեռքբերումները:

Զեկուցողները պատասխանեցին միջոցառման մասնակիցների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը մասնակցում էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պրոռեկտորներ Ռոբերտ Սուքիասյանը, Վարդգես Եդոյանը, Մանուկ Բարսեղյանը, աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը։ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Ե. Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին միջոցառմանը մասնակցելու և ՃՇՀԱՀ-ի Էրազմուս+ նախագծերին իրենց ներդրումն ունենալու համար:

 

30 հունվար- 3 փետրվար 2023թ

ՃՇՀԱՀ-ի դասախոսների այցը Աախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան՝ վերապատրաստման նպատակով

Աախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարանը (Գերմանիա) Erasmus+ SAH նախագծի շրջանակներում կազմակերպել էր դասախոսների վերապատրաստման աշխատաժողով։ Որտեղ ՃՇՀԱՀ-ի  համալսարանից մասնակցեցին Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ, ճ․թ․ պրոֆեսոր Էմմա Հարությունյանը, տ․գ․թ․ դոցենտ Վարազդատ Հովհանիսյանը, ճ․թ․ ասիստենտ Մադլենա Իգիթխանյանը, ճ․թ․ ասիստենտ Էրիկ Վարդանյանը։ Աշխատաժողովին մասնակցել են նաև SAH նախագծի այլ գործընկեր համալսարանների (Աթենքի Տեխնիկական ազգային համալսարան (Հունաստան), Թեհրանի համալսարան (Իրան),  Թաբրիզի իսլամական արվեստի համալսարան (Իրան), Գորիսի պետական համալսարան (Հայաստան)), ներկայացուցիչներ:

Սեմինարի ընթացքում Աախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի Տեխնիկական Համալսարանի դասախոսները ներկայացրել են պատմական լանդշաֆտների կառավարման հիմնախնդիրներն ու սկզբունքները, դրանց ուսաումնասիրության միջդիսցիպլինար մոտեցումները դասական և թվային մեթոդների կիրառմամբ։

Մեր մասնագետների կողմից առանձնահատուկ ուշադրության է արժանացել Գերմանիայում Ռեյնիշես գետի շրջանում բաց հանքարդյունաբերության հետևանքով լանդշաֆտների շարունակական վերափոխման օրինակը, որը ներկայացվել է  պատմական ժառանգություն և տարածքային զարգացման ռազմավարություն կոնտեքստում։

Այցի ընթացքում ՃՇՀԱՀ-ի մասնակիցները հաստատել են սերտ գործնական կապեր Իրանի համալսարանների գործընկերների հետ՝ հետագա համագործակցության նկատառումներով։ Դասընթացներից ստացած տեղեկատվությունը և ձեռք բերված կարողությունները կհամալրեն համալսարանում ներկայումս դասավանդվող մի շարք դասընթացներ։

 

 3-7  հոկտեմբերի, 2022թ․ 

«Erasmus+ SAH» նախագծի շրջանակում   Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում  տեղի ունեցավ դասախոսների վերապատրաստման աշխատաժողով, որին մասնակցեցին ՃՇՀԱՀ  ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Էմմա Հարությունյանը, ճարտարապետության թեկնածու Մադլենա Իգիթխանյանը և ճարտարապետության թեկնածու Նանար Քալանթարյանը։

Աշխատաժողովի ընթացքում Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները հանդես եկան զեկուցումով՝ անդրադառնալով հետևյալ թեմաներին՝ «Մշակութային ժառանգության կառավարումը», «Թվային տեխնոլոգիաները և մշակութային ժառանգությունը», «Մշակութային ժառանգության հետազոտումը և դրա մշակութային նշանակությունը», «Պատմական քաղաքների լանդշաֆտների ընկալումը», «Ճարտարապետական ժառանգության կայուն զարգացումը», «Ժամանակակից և արդյունաբերական ժառանգության պահպանումը», «Պատմական կառուցվածքների պահմանումը, դրանց պահպանման տեխնոլոգիաները», «Բաց հանրային տարածքների ճարտարապետությունը քաղաքային և բնական լանդշաֆտներում» ու հարակից այլ թեմաներ։

Վերապատրաստմանը մասնակցած ՃՇՀԱՀ ներկայացուցիչները ձեռք բերված նյութերի հիման վրա առաջիկայում ծրագրում են բաց դասերի անցկացում ուսանողների ու դասախոսների համար։ Հետագայում ձեռք բերված տեսական նյութերի լրամշակված տարբերակները կարող են ծառայել համապատասխան դասընթացների մեթոդական աշխատանքների ու ձեռնարկների մշակման համար։

 

 13 սեպտեմբերի, 2022թ․ 
ԿԱՅԱՑԱՎ «SAH ERASMUS+» ՆԱԽԱԳԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ «SAH Էրասմուս+» նախագծի կառավարման խորհրդի հերթական նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկավ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ.Բարսեղյանը, այնուհետև փոխանցեց ռեկտոր Ե. Վարդանյանի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր. «ՃՇՀԱՀ-ում շատ ենք կարևորում «Կարողությունների զարգացում ճարտարապետական ժառանգության կայունությունը ապահովելու նպատակով» (SAH Erasmus+) նախագիծը։ Ինչպես մեր գործընկերները, այնպես էլ մենք, ունենալով պատմամշակութային հազարամյա և հարուստ ժառանգություն, շատ ենք արժևորում այդ ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում մեր եվրոպացի ու իրանցի գործընկերների հետ ձեռքբերումների ու փորձի փոխանակումը»:  

SAH «Էրասմուս+»  նախագծի կառավարման խորհրդի նիստին  մասնակցեցին Աքվիլա քաղաքի համալսարանի (Իտալիա), Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի (Հունաստան),  Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի (Իրան), Ախենա քաղաքի համալսարանի (RWTH, Գերմանիա), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի,  Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի Ճարտարապետների միության ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում նախագծի որակի գծով պատասխանատու Իրնիա Վանյանը համառոտ ներկայացրեց համալսարանի մասին տեղեկատվությունը, նախագծի ակադեմիական հարցերի համակարգող Էմմա Հարությունյանը ներկայացրեց նախագծի շրջանակներում ՃՇՀԱՀ-ի կողմից իրականացված աշխատանքը․ այնուհետև նախագծի տեղական  համակարգող` Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց 4-օրյա այցի օրակարգը:

 

16-17 հունիսի, 2022թ.

Սույն թվականի հունիսի 16-17-ը Իտալիայի Հանրապետության Աքվիլա քաղաքում «ԷՐԱԶՄՈՒՍ+ SAH» (N:618843-EPP-1-2020-1-IT-EPPKA2-CBHE-JP) նախագծի շրջանակում տեղի ունեցավ կառավարման խորհրդի աշխատանքային հանդիպումը, որին մեր համալսարանից ներկա էին Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Էմմա Հարությունյանը, ճարտարապետության թեկնածու Մադլենա Իգիթխանյանը և դոցենտ Գառնիկ Ստեփանյանը։ ՃՇՀԱՀ-ի թիմը ներկայացրեց մեր համալսարանին վերաբերող պատմական, ուսումնամեթոդական, վարչական, մշակութային տեղեկատվությունը: Ճարտարապետական ժառանգությանը վերաբերող ՃՇՀԱՀ-ի կրթական ծրագրերի բարելավման նպատակով «Erasmus+ SAH» նախագծի շրջանակներում ՃՇՀԱՀ-ի թիմը առաջարկել է վեց նոր առարկա, որոնց շուրջ հատուկ ձևաչափով մշակվել են առարկայական ծրագրեր։ Այցի ընթացքում յուրաքանչյուր առարկայի մշակման գործընթացում եվրոպական գործընկեր համալսարանների աջակցության շուրջ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն։ Առաջարկվեց սեպտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում Երևանում կազմակերպել «SAH» նախագծի կառավարման խորհրդի հաջորդ նիստը։ Սույն թվականի հոկտեմբեր ամսին Աթենքի համալսարանում (Հունաստան) նախատեսվում է կազմակերպել դասախոսների մեկշաբաթյա վերապատրաստում: Հաջորդ քայլով՝ լրամշակված առարկայական ծրագրերը կներկայացվեն հաստատման։

28 փետրվարի, 2022թ.

Սույն թվականի փետրվարի 28-ին ՃՇՀԱՀ-ում անցկացվեց «Էրազմուս+» նախագծերի տեղեկատվական օր ներքին և արտաքին շահակիցների համար: Ճարտարապետության և շինարարույան Հայաստանի ազգային համալսարանը, որպես տարբեր կոնսորցիումների գործընկեր ներկայումս իրականացնում է հինգ «Էրազմուս+» նախագծեր: Տիկին Էմմա Հարությունյանը ներկայացրեց «Էրազմուս+» «Կարողությունների զարգացում ճարտարապետական ժառանգության կայունությունը ապահովելու նպատակով» (SAH) նախագծի հիմնական հատկանիշները, նպատակները, խնդիրները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ձեռքբերումները: Է․ Հարությունյանը պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը մասնակցում էին ՃՇՀԱՀ ղեկավար կազմը ի դեմս ռեկտոր Ե. Վարդանյանի։ Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ.Եդոյանն ընդգծեց «Էրազմուս+» նախագծերի կարևորությունը ՃՇՀԱՀ զարգացման և դրա ուսումնական ծրագրերի արդիականացման համար։ ՃՇՀԱՀ ռեկտոր պարոն Ե.Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին միջոցառմանը մասնակցելու և ՃՇՀԱՀ «Էրազմուս+» նախագծերին իրենց ներդրումն ունենալու համար:

Կից ներկայացված է  Էմմա Հարությունյանի զեկույցը:

19 հունվարի, 2022թ․ 

Erasmus+ SAH նախագիծն շարունակեց իր գործունեությունը 2022 թվականին՝ նախագծի Կոնսորցիումի հերթական առցանց հանդիպմամբ։ Յուրաքանչյուր աշխատանքային փաթեթի ղեկավարը ներկայացրեց 2022 թվականի հինգ աշխատանքային փաթեթներով (նախապատրաստում, մշակում, որակի ապահովում, տեղեկատվության տարածում, կառավարում) նախատեսված գործողությունները: Կոնսորցիումի ներկայացուցիչները արտահայտեցին 2022 թվականին նախագծի անխափան ընթացքը ապահովելուն միտված  իրենց մտահոգություններն ու առաջարկությունները: Քննարկվել են նաև առաջիկա աշխատաժողովի նախապատրաստման աշխատանքների խնդիրները:

23 նոյեմբերի, 2021թ․ 

Առցանց մշտադիտարկում-հանդիպում

Erasmus+ SAH նախագծի առցանց մշտադիտարկում- հանդիպումը նախաձեռնեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը 2021 թվականի նոյեմբերի 23-ին: Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի գործընկեր բուհերի (ՃՇՀԱՀ, ԳՊՀ) և Հայաստանի Ճարտարապետների պալատի ներկայացուցիչներ: Քննարկվեցին նախագծի առաջին տարվա ձեռքբերումներն ու մարտահրավերները։

3 սեպտեմբերի, 2021թ․

Առցանց աշխատաժողով՝ միտված WP1-ի գործունեության ամփոփմանը

Erasmus+ SAH նախագծի առցանց աշխատաժողովն անցկացվեց 2021 թվականի սեպտեմբերի 3-ին՝ միտված կարողունակությունների վերաբերյալ հարցման արդյունքների և WP1-ի գործունեության ամփոփմանը։

8 հուլիսի, 2021

WP2 աշխատանքային փաթեթի շրջանակներում անցկացված Որակի ապահովման համակարգին նվիրված մեթոդաբանական առցանց աշխատաժողով:

14 ապրիլի, 2021

WP1 աշխատանքային փաթեթի շրջանակներում անցկացված առցանց աշխատաժողով:

12 ապրիլի, 2021

Որակի ապահովման խնդիրներին վերաբերող առցանց հանդիպում:

16-17 փետրվարի, 2021

Նախագծի մեկնարկային առցանց աշխատաժողով:

Զեկույց

Ծրագրի համակարգող՝ Իրինա Վանյան

Հասցե՝ Տերյան, 105

Հեռ.՝ +374 10 583 773

Էլ. հասցե՝ irinavanyan@gmail.com