ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ-ում անցկացվեց երջանկահիշատակ շինարար-ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտավազդ Արզումանյանի մահվան տարելիցին նվիրված մեծարանքի երեկո, որին ներկա էին ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա․ Ղուլարյանը, ռեկտոր Ե. Վարդանյանը, Շինարարների միության նախագահ Գ․ Գալստյանը, պրոռեկտորներ, ամբիոնի վարիչներ, Ա. Արզումանյանի ընտանիքի անդամները, հարազատներ, ընկերներ և այլ պատվավոր հյուրեր: Միջոցառման սկզբում ցուցադրվեց պարոն Արզումանյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող վավերագրական ֆիլմ, որը պատրաստվել էր նրա ընտանիքի կողմից և նվիրված էր անվանի շինարարի 70-ամյակին: Ֆիլմը բավականին հուզիչ էր, և ներկաներից շատերը խոստովանեցին, որ պարոն Արզումանյանին ճանաչելով՝ երկար տարիներ չգիտեին նրա կյանքի մի շարք կարևոր դրվագների ու հետաքրքրությունների մասին։ Ելույթները շատ էին, մեծարանքի խոսքերը՝ անսպառ, բայց բոլորի խոսքում կարմիր թելով մի միտք էր թևածում. «Ափսո՜ս, դու այս խոսքերը չլսեցիր աշխարհիկ կյանքում, սիրելի՛ ընկեր…»:
Քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Արտավազդ Ավետիքի Արզումանյանը Քաղաքաշինության կոմիտեի կողմից հետմահու պարգևատրվեց «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով:
Արտավազդ Արզումանյանը ծնվել է 1952 թ. Երևանում: 1973-1978 թթ. ուսանել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում՝ յուրացնելով «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտությունը, այնուհետև՝ 1982-1985 թթ., որպես ասպիրանտ ուսումը շարունակել է Մոսկվայի Պետշինի բետոնի և երկաթբետոնի գիտահետազոտական ինստիտուտում: Երկար տարիներ իր մասնագիտական գիտելիքներով ու կարողություններով անգնահատելի ներդրում է ունեցել նախկին Ճարտարապետության և շինարարության հայկական գիտահետազոտական ինստիտուտում (ՀՀ քաղաքաշինության նախարարության «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ) որպես գիտական աշխատող, գիտահետազոտական սեկտորի վարիչ, գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ապա՝ ինստիտուտի գիտական տնօրեն: 2014-2020 թթ. եղել է ՃՇՀԱՀ շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ: Մահացել է 2020 թ.:
Արտավազդ Արզումանյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում վերակառուցման և ուժեղացման բազմաթիվ նախագծեր է իրականացրել բնակելի, հասարակական նոր շենքերի, արտադրական, տրանսպորտային ու հոգևոր գործառական նշանակության, սեյսմիկ և այլ բնական ու տեխնածին ազդեցություններից վնասված կառույցների համար ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, Հնդկաստանում, Իրանում, Վրաստանում: Ղեկավարի կարգավիճակով մասնակցել է շինարարական կոնստրուկցիաների, շինարարական նյութերի ու տեխնոլոգիաների բնագավառում մի շարք գիտահետազոտական աշխատանքների կատարմանը, նաև հանրապետական նորմատիվահրահանգչական փաստաթղթերի մշակմանը: Գիտնականն անփոխարինելի դեր է ունեցել հատկապես շենքերի տեխնիկական վիճակի հետազննման, փորձաքննության, ուժեղացման, ուսումնասիրման, վերակառուցման ոլորտներում: Հետմահու պարգևատրվել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով: