Ֆրանկոֆոնիայի Համալսարանական Գործակալության ՃՇՀԱՀ Ակադեմիական Նվաճումների Կենտրոնում հյուրընկալվել էր Երևանի թվայնացված կենտրոնի պատասխանատու Ռուզաննա Ղալթախչյանը՝ 2021 թ-ին ՖՀԳ-ի կողմից նախատեսվող ծրագրերը, նախագծերը ներկայացնելու և դրանք իրականացնելու համար արդյունավետ ուղիներ առաջադրելու նպատակով:
Նշենք, որ ՃՇՀԱՀ-ն 2011 թ-ից Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ) ասոցիատիվ անդամ է, որի շրջանակներում իրականացված փոխանակումներին մասնակցել են համալսարանի 35 ուսանող և 60 դասախոս/վարչական աշխատող արտասահմանում և Հայաստանում, իսկ 2014թ-ի մայիսին համալսարանում հիմնվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած Ակադեմիական նվաճումների կենտրոն:
Համալսարանի աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպմանը Ռ. Ղալթախչյանը քննարկեց առաջարկվող ուսումնական ծրագրերը, մրցույթներն ու նախագծերը, մասնավորապես՝ «Էժեն Իոնեսկո» ասպիրանտական և հետասպիրանտական կրթաթոշակների, մասնագիտական պրակտիկային մասնակցության մրցույթները, աշխատանքային ներգրավման աջակցությունը՝ 3-4 տեղական կամ տարածաշրջանային սոցիալ-տնտեսական դերակատարների հետ համագործակցությամբ, ստաժորի կամ դասախոսի հրավերը՝ համալսարանում մասնագիտական առարկա ֆրանսերենով դասավանդելու կամ ֆրանսերենը՝ որպես օտար լեզու ուսուցանելու նպատակով, ֆրանսերեն լեզվի դասախոսի կատարելագործման նպատակով վերապատրաստման դասընթացը, համալսարանական կառավարումը:
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորվեց ՖՀԳ-ի հետ համագործակցության շրջանակներում համալսարանի հավատարմագրման գործընթացին աջակցելու նպատակով փորձագետ հրավիրելու հարցը: