ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Մոլդովայում, մարտի 14-ին, անցկացվեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության /ՖՀԳ/ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակների անդամ համալսարանների ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը:
Հանդիպման մասնակիցների թվում էին Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ռումիանիայի Բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ: Հայաստանյան պատվիրակության կազմում էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը:
Հանդիպման նպատակը՝ 2017թ-ի մայիսին, Մարաքեշում կայանալիք Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գագաթնաժողովի ռազմավարությանը վերաբերող հարցերի քննարկումն էր: Նշվեց, որ գագաթնաժողովի հիմնական խնդիրները պետք է ընթանան երեք ուղղություններով. որակ՝ կրթության, հետազոտությունների և կառավարման, դիպլոմների արժեվորում ու ձեռներեցություն և համալսարանի դերի ուժեղացում՝ տնտեսության պահպանման, լեզվի, մշակույթի, միջմշակութային կապերի զարգացման գործում:
Հանդիպմանն առանձնահատուկ կերպով բարձրացվեց անդամ բուհերին աջակցելու, ֆրանսերենի ուսուցումն ու տարածումն ուժեղացնելու հարցը՝ որպես լավ օրինակ վկայակոչելով մեր համալսարանը: