Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց Ֆրանսիայի Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի պատվիրակության այցը:
Արդեն ավանդաբար՝ դասախոսներ Րաֆֆի Բեդրոսյանի և Անդրե Սոլնեի ղեկավարությամբ մեր համալսարան ժամանած տարբեր ազգության 19 ուսանողների այցի նպատակը նույնն էր՝ 13 հայ ուսանողների հետ անցկացնել աշխատանքային համատեղ օրեր, ուսումնասիրել հայկական ճարտարապետության նմուշները:
Այս անգամ աշխարհի 8 երկրի երիտասարդ ներկայացուցիչների համար ուսումնասիրման օբյեկտ էր Սասունցի Դավթի հրապարակը, կայարանամերձ տարածքների վերակառուցումը, Երևանի զարդերից մեկը համարվող հրապարակին նորօրյա շունչ ուսանողներին և աշխատանքներիու ձեռագիր տալը:
Տարբեր խմբերի բաժանված ուսանողներն այսօր ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանին, դասախոսներին, Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի և ՃՇՀԱՀ ուսանողների համատեղ աշխատանքների կազմակերպման պատասխանատու, ՃՇՀԱՀ քաղաքաշինության ամբիոն վարիչ Զառա Մամյանին ներկայացրեցին իրենց նախագծերը, իրենց պատկերացումները Սասունցի Դավթի հրապարակի արդիականացման շուրջ:
«Նախագծերը տպավորիչ էին և հետաքրքիր», — նշեց ռեկտոր Գալստյանը և հավելեց, որ հատկանշական է այն փաստը, որ յուրաքանչյուր նախագիծ, կրելով իր հեղինակի ազգային մտածողությունը, կարողացել է պահպանել նաև հայկական ոճը:
Համատեղ աշխատանքային օրերին մասնակցած ուսանողները ստացան հավաստագրեր՝ վաղը Հայաստանից մեկնելու, բայց սիրով կրկին վերադառնալու հույսով: