(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (BIM) ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐ

Կենսագործունեության և տնտեսության բոլոր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ մասնակցությունն այսօր պահանջված է ամբողջ աշխարհում: Հարկ է նշել, որ ցանկացած ոլորտի առաջընթացի, ձեռքբերումների գնահատականը այլևս կախված է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աստիճանից:

Բացառություն չէ նաև քաղաքաշինության ոլորտը: Քաղաքաշինության մեջ այսօր շատ հատկանշական և կիրառելի է շենքերի տեղեկատվական մոդելավորման համակարգի ներդրումը, որն այս ոլորտում կբերի լուրջ բարեփոխումներ և առնչվելով քաղաքաշինության ոլորտի բոլոր գործառույթներին՝ սկսած նախագծային աշխատանքներից, փորձաքննությունից, շինարարությունից, վերջացրած՝ ավարտուն շենքերի շահագործմամբ:

Շինությունների տեղեկատվական մոդելավորումը՝ Building Information Modeling (BIM), նորարարական տեխնոլոգիա է, որը մի քայլ է ոլորտի թվայնացման և զարգացումների համապատասխանեցման ուղղությամբ: Առանց այս համակարգի ներդրման՝ այսօր անհնար է պատկերացնել վերը նշված գործառույթների արդյունավետ, որակով և ժամանակին  իրականացման խնդիրները:

Ամբողջ աշխարհում սա արդեն լայնորեն տարածված համակարգ է: Մեր երկիրը նույնպես ձեռնպահ չէ այս նորարարությունից և փորձում է իր առաջին քայլերն անել: Հատկանշական և պատվաբեր է, որ այդ մեծ գործի առաջնորդության հեղինակը մեր համալսարանն է:

Հենց այս համակարգի ներդրումն էր տիկին Ղազարյանի ատենախոսության թեման, որը, գերազանց նախապաշտպանությունից հետո, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ ու հրավերով, քննարկման էր դրվել նաև կոմիտեում:                                                                                                  Տեղին է նշել, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Քաղաքաշինության կոմիտեի միջև շարունակական ակտիվ և իրատեսական քննարկումներ էին ծավալվում շինարարության գնագոյացման հարցերի շուրջ, և հենց այդ քննարկումների ժամանակ կոմիտեի ներկայացուցիչներին հայտնի դարձավ, որ մեր համալսարանում լուրջ քայլեր են կատարվում BIM համակարգի ներդրման ուղղությամբ:

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում վերոնշյալ BIM համակարգի ներդրման անհրաժեշտության, կիրառման և տարածման ճանապարհային քարտեզի՝ տիկին Ղազարյանի կողմից հանգամանալից ներկայացումն արժանացավ հավանության: Արդյունքում՝ առաջարկվեց Քաղաքաշինության կոմիտեի և մեր համալսարանի ներկայացուցիչների հետ միասին  ստեղծել աշխատանքային խումբ՝ ներգրավելով նաև համապատասխան մասնագետների, և մշակել ծրագիր BIM տեխնոլոգիաների ընդունման և կիրառման աշխատաքերի համակարգման համար:

02.08.19