ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեց մեր, Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի և Իսպանիայի Կորունիայի համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետների եռակողմ աշխատանքային շաբաթը:
Ֆրանսիական համալսարանի հետ շուրջ 15 տարվա համագործակցության արդյունքում՝ սա թվով 29-րդ workshop-ն է: 2013թ-ին՝ երկկողմ համագործակցությանը միացած Կորունիայի համալսարանն առավել ամրապնդեց միջբուհական կապերը և ընդլայնեց համատեղ նախագծերի իրականացման աշխարհագրությունը:
Այս տարվա աշխատանքային շաբաթվա թեման՝ «Վերաարժեվորելով ռազմական ժառանգությունը», մեր հարկի ներքո էր համախմբել Կլերմոն-Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի 9 ուսանողի՝ 1 դասախոսի ուղեկցությամբ և Կորունիայի համալսարանի 7 ուսանողի՝ 2 դասախոսի ուղեկցությամբ: Օտարերկրյա հյուրերին աշխատանքային բեղմնավոր շաբաթ մաղթեց ռեկտոր Գագիկ Գալստյանը՝ հույս հայտնելով, որ այս եռակողմ համագործակցությունը շարունակական հաջողություններ կգրանցի:
Մեկշաբաթյա աշխատանքային օրերը հյուրընկալված ուսանողները՝ մեր համալսարանի ուսանողների և Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Էմմա Հարությունյանի և Միջազգային միջբուհական բաժնի պետ Արև Սամուելյանի ղեկավարությամբ, կանցկացնեն Երևանյան բերդի տարածքում:
Նշենք, որ փետրվարի սկզբին, Էմմա Հարությունյանը և Արև Սամուելյանը Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցում մասնակցեցին «Մոռացված ժառանգություն: Ռազմական ճարտարապետական ժառանգության տարածքի վերակառուցում և արդիականացում» թեմայով ուսանողական շաբաթին, որի շրջանակներում ուսանողներն ուսումնասիրեցին Կլերմոն-Ֆերանի՝ 19-րդ դարում ակտիվ գործունեություն ունեցած ռազմաբազայի՝ պատմաճարտարապետական տեսակետից արժեքավոր, սակայն ներկայումս դատարկ և լքված կառույցները: