ՃՇՀԱՀ Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի նախաձեռնությամբ Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) միջազգային օրվան նվիրված համալսարանում անցկացվել է «ԱՏՀ-ն ոլորտների խաչմերուկում» խորագրով միջոցառում, որի առանցքում աշխարհագրական տեղեկատվական համակարգերի բազմակողմանի կիրառությունն ու տարբեր ոլորտների զարգացման գործում դրանց նշանակությունն էր։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը և Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ Անուշ Մարգարյանը։
Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Մանուկյանի գլխավորությամբ, ով նույնպես հանդես է եկել ողջույնի խոսքով։ Մասնակցել են նաև ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման բովանդակային մասը նվիրված էր ուսանողների աշխատանքներին, որոնք ներկայացնում էին աշխարհագրական տեղեկատվական համակարգերի կիրառման հնարավորությունները տարբեր բնագավառներում։ Մասնավորապես, ցուցադրվել են զբոսաշրջության, լոգիստիկայի, ճարտարապետության և քաղաքաշինության, ծրագրավորման ու սեյսմիկ ռիսկերի կառավարման ոլորտներին առնչվող միջոլորտային նախագծեր՝ բացահայտելով ԱՏՀ-ի գործնական նշանակությունն ու կապը տարբեր մասնագիտական ուղղությունների հետ։
Նման նախաձեռնությունները նպաստում են ուսանողների մասնագիտական ներուժի բացահայտմանը, տեսական գիտելիքների գործնական կիրառմանը և տարբեր ոլորտների մասնագետների ու ապագա ճարտարագետների միջև համագործակցության ամրապնդմանը։