Հայաստանում անցկացվել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Եվրոպական խորհրդի ամենամյա եռօրյա սիմպոզիումը, որը համախմբել է 25 երկրների 48 ներկայացուցիչների՝ հիմնականում ազգային ԻԿՕՄՕՍ-ների նախագահների և փոխնախագահների։ Միջազգային նշանակության այս հեղինակավոր միջոցառման համակազմակերպիչներից էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որի մասնակցությունն ու դերակատարությունը ներկայացված էին սիմպոզիումի բոլոր օրերին։
«Հիշողությամբ պայմանավորված ժառանգություն․ բարոյագիտական մոտեցումներ, մշակութային լանդշաֆտներ և անդրսահմանային համագործակցություն» թեմայով միջազգային գիտական սիմպոզիումը մեկնարկել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ հետագա աշխատանքները շարունակվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որտեղ անցկացվել են միջոցառման հաջորդ երկու օրերի նիստերն ու մասնագիտական քննարկումները։
Մասնակիցներին ողջունել է ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը՝ ընդգծելով, որ ԻԿՕՄՕՍ-ի Եվրոպայի խմբի միջազգային հանդիպումը կարևոր հարթակ է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում մասնագիտական երկխոսության և համագործակցության զարգացման համար։ Ռեկտորը նշել է, որ համալսարանը, որպես Հայաստանի ճարտարապետական, քաղաքաշինական և շինարարական կրթության ու գիտության առաջատար հաստատություն, առանձնահատուկ կարևորություն է տալիս մշակութային ժառանգության պահպանության, վերականգնման և արժևորման խնդիրներին, իսկ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանության գործում առանձնահատուկ կարևորել է ԻԿՕՄՕՍ-ի հետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ հանդիպումը կնպաստի նոր նախաձեռնությունների և երկարաժամկետ գործընկերությունների ձևավորմանը։
Սիմպոզիումի աշխատանքները շարունակվել են թեմատիկ զեկույցներով։ Միջազգային կառույցի գործընկերների հետ որպես բանախոսներ հանդես են եկել նաև ԻԿՕՄՕՍ Հայաստանի ազգային կոմիտեի անդամները՝ ներկայացնելով իրենց հետազոտությունները, մասնագիտական փորձառությունն ու տեսլականը միջազգային հարթակում։ Նրանք միջազգային մասնագիտական հանրությանը ներկայացրել են Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության ոլորտում կուտակված փորձն ու ձեռքբերումները։
Հատկանշական է, որ ԻԿՕՄՕՍ Հայաստանի ազգային կոմիտեի նախագահը ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի պրոֆեսոր Գրիգոր Նալբանդյանն է, իսկ սիմպոզիումի մոդերատորներն էին համանուն ամբիոնի ղեկավար Էմմա Հարությունյանը, նույն ամբիոնի դոցենտներ Արև Սամուելյանը և Նունե Պետրոսյանը, վերջինս նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն է։ ԻԿՕՄՕՍ Հայաստանի անդամների զգալի մասը ևս հանդիսանում են ՃՇՀԱՀ դասախոսներ և մասնագետներ, ինչը վկայում է համալսարանի ակտիվ ներգրավվածության մասին մշակութային ժառանգության պահպանության միջազգային գործընթացներում։
Սիմպոզիումի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ձեռքբերումներին մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային հարթակներում։ Մասնավորապես, նախորդ տարի Հայաստանը ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի կոմիտեի անդամ՝ առաջիկա չորս տարիների համար։ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակում՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 20-րդ նստաշրջանում, Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է ընթացիկ նստաշրջանի փոխնախագահ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացվել է «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախմբին ուժեղացված պաշտպանության կարգավիճակի շնորհման հայտադիմումը։ Այս տարի հաստատվել է նաև Արմավիրի մարզի սահմանային գոտում գտնվող Շուշանավանքի վերականգնման աշխատանքների իրականացման Ալիֆի աջակցության ծրագիրը։
Մշակութային ժառանգության պահպանության ոլորտում շարունակվում են նաև պետական ծրագրերը․ 2025 թվականին պետական բյուջեից հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 1,7 միլիարդ ՀՀ դրամ, ինչը ոլորտի համար աննախադեպ բարձր ֆինանսավորում է։ ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացվել են 17 հուշարձանների վերականգնման աշխատանքներ, որոնցից յոթն արդեն ավարտվել են, իսկ ընթացիկ տարում նախատեսված է իրականացնել 21 հուշարձանների վերականգնում։ Միաժամանակ ուշադրություն է դարձվում ոչ միայն հուշարձանների պահպանությանը, այլև դրանց շուրջ զբոսաշրջային համապատասխան ենթակառուցվածքների ձևավորմանը։
Հայաստանում առաջին անգամ անցկացված ԻԿՕՄՕՍ-ի Եվրոպական խորհրդի ամենամյա սիմպոզիումը ևս մեկ անգամ ընդգծեց երկրի և մասնավորապես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կարևոր դերակատարությունը մշակութային ժառանգության պահպանության, միջազգային գիտական համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման գործընթացներում։