(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի´ շրջանավարտներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի խորհրդանշական և հիշարժան օրվա առթիվ։
Այսօր ավարտվում է ձեր կյանքի ամենահուզիչ ու անմոռանալի փուլերից մեկը՝ դպրոցական տարիները, որոնք լի էին գիտելիքով, ընկերությամբ, հաղթանակներով ու նոր բացահայտումներով։ Վերջին զանգը միայն հրաժեշտ չէ դպրոցին, այլև նոր ճանապարհի սկիզբ, որտեղ ձեզ սպասում են մեծ նպատակներ, կարևոր ընտրություններ և նոր հնարավորություններ։
Վստահ եմ, որ դպրոցում ձեռք բերած գիտելիքները, փորձն ու արժեքները կդառնան ձեր հաջողությունների ամուր հիմքը։ Թող յուրաքանչյուրիդ ճանապարհը լցված լինի վստահությամբ, համարձակությամբ ու ստեղծագործ մտքով, իսկ ձեր ձեռքբերումները ծառայեն հայրենիքին և հասարակությանը։
Իմ խորին երախտագիտությունն ու շնորհավորանքներն եմ հղում նաև ուսուցիչներին և ծնողներին, ովքեր սիրով, նվիրումով ու պատասխանատվությամբ եղել են ձեր կողքին՝ կրթելով, դաստիարակելով և աջակցելով ձեզ այս կարևոր ճանապարհին։
Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր առջև բացվում են կյանքի նոր հորիզոններ, որտեղ յուրաքանչյուր քայլը ձևավորելու է ձեր ապագան։ Թող երբեք չմարի գիտելիքի հանդեպ ձեր ձգտումը, իսկ յուրաքանչյուր դժվարություն վերածվի նոր հնարավորության ու փորձի։
Մաղթում եմ, որ միշտ լինեք նպատակասլաց, ուժեղ ու պատասխանատու՝ ստեղծելով ձեր հաջողության սեփական պատմությունը։
Բարի՛ երթ և լուսավոր ապագա ձեզ։

22.05.26