Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի Սերվիս և զբոսաշրջություն բաժնի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները՝ Շրջակա միջավայրի կառավարման, տուրիզմի և սերվիսի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Մարիամ Ավագյանի ուղեկցությամբ, այցելել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն։
Այցի շրջանակում կայացել է հանդիպում Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական ոլորտի մի շարք արդի հարցեր, մասնավորապես՝ Որդան կարմիր արգելավայրի հիմնախնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային բնապահպանական օրակարգին, մասնավորապես COP17 համաժողովին ուսանողների ներգրավվածության հնարավոր ձևաչափերին, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ կարևոր նախաձեռնություններին ու համագործակցության հեռանկարներին։
Այցը ուսանողների համար եղել է կարևոր մասնագիտական փորձառություն, որը նպաստում է տեսական գիտելիքների գործնական կիրառման խորացմանը և բնապահպանական քաղաքականության ոլորտում ժամանակակից մոտեցումների ավելի լավ ընկալմանը։