(010) 303-300

ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում։

Համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը ողջունելով ներկաներին՝ ընդգծեց, որ մեծանուն ճարտարապետի անունը կապվում է ոչ միայն հայ ճարտարապետության հոյակերտ կառույցների, այլև մասնագիտական ազնվության ու բարձր արժեքների հետ։ Նրա խոսքով՝ Թորոսյանի թողած ժառանգությունը շարունակում է ապրել և ներգործել նաև այսօր՝ դառնալով վերարժևորման ու ոգեշնչման կարևոր առիթ նոր սերունդների համար։ Ռեկտորը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և մաղթեց արդյունավետ ընթացք։

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Ճարտարապետական կրթության, գիտության և նախագծման բնագավառում, ինչպես նաև հայկական ճարտարապետության դասական ավանդույթների պահպանման գործում ունեցած ավանդի համար «Ջիմ Թորոսյան» ոսկե մեդալներով պարգևատրվեցին՝ ՃՏՊԺ ամբիոնի ղեկավար, ճարտ. թեկնածու, պրոֆեսոր Էմմա ՀարությունյանըՃՆՃՄԴ ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը և ՔՇ ամբիոնի ղեկավար, ճարտ. թեկնածու, պրոֆեսոր Զարուհի Մամյանը։

Համալսարանի ամբիոններին նվիրաբերվեցին նաև վարպետի ստեղծագործությանը նվիրված գրքեր, որոնք կծառայեն որպես ուսումնական և հետազոտական կարևոր աղբյուրներ՝ հնարավորություն տալով ուսանողներին խորությամբ ուսումնասիրել Թորոսյանի ստեղծագործական ժառանգությունը։

Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը նշեց, որ մինչ հիմնական միջոցառումը կազմակերպվել էր քառօրյա աշխատարան՝ ՃՇՀԱՀ ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ, որի արդյունքները ներկայացվել են ցուցահանդեսում։ Այն միավորել է ինչպես վարպետի էսքիզները, այնպես էլ երիտասարդների առաջին աշխատանքները՝ ձևավորելով սերունդների յուրահատուկ երկխոսություն։ Միջոցառման ավարտին աշակերտներին հանձնվեցին պատվոգրեր, ապա տեղի ունեցավ շրջայց ցուցահանդեսներում։

Միջոցառումը համախմբել էր ոլորտի ճանաչված ներկայացուցիչների, դասախոսների, ուսանողների և հյուրերի՝ արժևորելու Ջիմ Թորոսյանի ստեղծագործական ժառանգությունը և դրա շարունակական ազդեցությունը հայկական ճարտարապետության զարգացման վրա։ Այն դարձավ ոչ միայն հարգանքի տուրք մեծ վարպետին, այլև կարևոր հարթակ՝ նոր սերնդին ներշնչելու մասնագիտական նվիրում և ստեղծագործական մտածողություն։

27.04.26