Ռումինիայի Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանում կայացավ Erasmus+ KA2 «Բակալավրիատի կրթության բարեփոխում հանուն կանաչ և կայուն զարգացման Հայաստանում և Մոլդովայում» (RE-GRAD) նախագծի առանցքային աշխատաժողովը՝ համախմբելով միջազգային գործընկերներին մեկ հարթակում։
Աշխատաժողովի գլխավոր նպատակն էր գնահատել վերանայված ակադեմիական ծրագրերի փորձարկման միջանկյալ արդյունքները, որոնք մշակվել են Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության ուսումնական պլանների շրջանակներում կանաչ տեխնոլոգիաների և կայուն զարգացման սկզբունքների ներդրման նպատակով։ Աշխատաժողովը դարձավ արդյունավետ ակադեմիական համագործակցության հարթակ՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ներկայացնել իրենց փորձը, քննարկել մեթոդաբանական մարտահրավերները և մանկավարժական նորարարությունները։
Ծրագրի մեկնարկին նախագծի համակարգող Նինա Պուտունտեան ներկայացրեց նախագծի ընթացիկ փուլը՝ անդրադառնալով արձանագրված առաջընթացին և հետագա քայլերին։ Օրվա ընթացքում անցկացված կլոր սեղան-քննարկումները կենտրոնացած էին գործընկեր երկրներում ուսումնական պլանների վերանայման սկզբունքների և մեթոդաբանության շուրջ։
Քննարկումներում ակտիվ մասնակցություն ունեցավ ՃՇՀԱՀ Որակի ապահովման բաժնի պետ Իրինա Վանյանը, ով ներկայացրեց ծրագրերի վերանայման ընթացքը, բացահայտեց առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև ցուցադրեց արհեստական բանականության գործիքներով պատրաստված տեսանյութ։
Օրվա ավարտին Մոլդովայի գործընկերները ներկայացրին մեքենաշինության և սննդի տեխնոլոգիայի ոլորտներում իրականացվող փորձնական ծրագրերի արդյունքները։
Ծրագրի հաջորդ օրը ուշադրության կենտրոնում էին հայաստանյան գործընկեր հաստատությունների ձեռքբերած հստակ ակադեմիական արդյունքները։ ՃՇՀԱՀ-ի անձնակազմը ներկայացրեց վերանայված կրթական ծրագրերի փորձարկման միջանկյալ արդյունքները որոնք վճռորոշ նշանակություն ունեն երկրի ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի կառավարման համար:
ՃՇՀԱՀ ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի ղեկավար Աննա Քարամյանը և Շրջակա միջավայրի կառավարման, տուրիզմի և սերվիսի ամբիոնի ղեկավար Քրիստինե Սահակյանը մանրամասնեցին «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» կրթական ծրագրի առաջընթացը, իսկ Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի ղեկավար Անուշ Մարգարյանը ներկայացրեց «Գեոդեզիա և կադաստր» ուսումնական պլանի շրջանակում արձանագրված արդյունքները։
Ներկայացված աշխատանքները վկայում էին ՃՇՀԱՀ-ի հետևողական քայլերի մասին՝ ուղղված տեխնիկական կրթության արդիականացմանը և դրա համապատասխանեցմանը կայուն զարգացման ժամանակակից պահանջներին։
Աշխատաժողովի ավարտին մասնակիցները անդրադարձան UNITBV-ի Հետազոտությունների և մշակումների ինստիտուտ կատարած այցին, ինչը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ եվրոպական առաջատար գիտահետազոտական ենթակառուցվածքներին՝ ձեռք բերելով արժեքավոր գործնական փորձ։
Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային ակադեմիական համագործակցության կարևորությունը և RE-GRAD նախագծի առանցքային դերը՝ տարածաշրջանում կայուն և նորարար կրթական միջավայր ձևավորելու գործում։