Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում արդեն երկրորդ տարին իրականացավ «Մի գծի պատմություն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Դիզայնի ֆակուլտետի ուսանողների ստեղծած յուրօրինակ աշխատանքները։
Ցուցահանդեսը դասվում է ֆակուլտատիվ ուսումնական ծրագրերի շարքին և նպատակ ունի զարգացնել ուսանողների էսքիզավորման հմտությունները և ստեղծագործական մտածողությունը։ Միևնույն ժամանակ, քննարկվում է ցուցահանդեսը համալսարանի աջակցությամբ շրջիկ ձևաչափով ներկայացնելու գաղափարը՝ այն ցուցադրելով խոշոր նախագծային և գեղարվեստական կրթօջախներում, ինչն ուսանողների համար կբացի ավելի լայն մասնագիտական հարթակներ։
Ցուցահանդեսը իրականացվել է Էսքիզավորում դասընթացի շրջանակում եղել է նաև ցուցահանդեսը Լեհաստանում ներկայացնելու առաջարկ, որտեղ գործընկերները հետաքրքրված են Հայաստանի կողմից իրականացվող էսքիզավորման ուսուցմամբ ու մոտեցումներով։ Սա կարող է դառնալ միջազգային համագործակցության կարևոր քայլ և մեր ուսանողների համար նոր փորձառությունների դարպաս։
Ցուցահանդեսի ավարտին ֆակուլտետի մասնագիտական հանձնաժողովը ընտրեց լավագույն աշխատանքներն ու հեղինակներին, որոնք արժանացան մասնակցության և մրցանակային տեղերի վերաբերյալ վկայականների։
«Մի գծի պատմություն» ցուցահանդեսը ոչ միայն ուսանողական ստեղծագործությունների ցուցադրում է, այլև կրթական, համագործակցային և մշակութային զարգացման նոր հնարավորություն։ Այն ապացույցն է, որ մեկ գիծը կարող է պատմել մեծ պատմություն՝ արտահայտելով երիտասարդ ստեղծագործողների ներուժը, տեսլականն ու մասնագիտական աճը։