Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ գիտխորհրդի հերթական նիստը։
Օրակարգում ընդգրկված էր երկու հարց․ ՃՇՀԱՀ-ին կից ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի անցկացումը և ընթացիկ հարցեր։
Նիստը բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը․ «Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ։ Առաջարկում եմ հաստատել նիստի օրակարգը և անցնել աշխատանքների ընթացքին։ Մրցույթի ընթացակարգով նախատեսված են մի շարք պարտադիր չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն հավակնորդները՝ ապահովելու թափանցիկություն և արդար մրցակցություն: Մաղթում եմ կառուցողական և հաջողված նիստ»։
Մրցույթին մասնակցության միայն մեկ հայտ էր ներկայացվել՝ դպրոցի տնօրենի ժ/պ Արուսյակ Արզումանյանի կողմից:
Տիկին Արզումանյանը ներկայացրեց դպրոցի զարգացման ծրագիրը՝ ընդգծելով հիմնական առաջնահերթությունները:
Ծրագրի ներկայացումից հետո տեղի ունեցան հարցուպատասխաններ, որից հետո անցկացվեց փակ քվեարկություն։
Արդյունքում՝ 48 ընտրողից 47 կողմ և 1 դեմ քվեով, մեծամասնության որոշմամբ դպրոցի տնօրեն ընտրվեց Արուսյակ Արզումանյանը։
Ընտրվելուց հետո Արուսյակ Արզումանյանը արտահայտեց իր շնորհակալությունը․ «Շնորհակալ եմ վստահության համար։ Վստահ եմ, որ դպրոցն արդեն գտնվում է զարգացման ճիշտ ուղու վրա։ Մեզ անհրաժեշտ է ամուր կամք, մեր երկրին՝ խաղաղություն, իսկ մեր համայնքին՝ համախմբվածություն։ Մնացած բոլոր խնդիրները մենք կարող ենք հաղթահարել համատեղ աշխատանքով»։
Նիստն ամփոփվեց կառուցողական քննարկումներով։ ՃՇՀԱՀ-ը շարունակում է հետևողականորեն կատարել կրթության որակի բարձրացման իր առաքելությունը՝ ամրապնդելով ակադեմիական կառույցների արդյունավետությունը և խթանելով նորարարական նախաձեռնություններ։