Ճարտարապետության ֆակուլտետը մասնակցել է դիզայնի և ճարտարապետության ոլորտներում ավարտական դիպլոմային աշխատանքների XXXIV–րդ միջազգային ամենամյա մրցույթ-ստուգատեսին (МООСАО):
Մրցույթը իրականացել է Մագնիտոգորսկ (ՌԴ) քաղաքում: Ներկայացվել են բակալավրիատի 11 ավարտական աշխատանքներ և մագիստրոսական 2 թեզեր:
Միջոցառումը մեկնարկեց ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանի ողջույնի խոսքով․ «Հարգելի՛ գործընկերներ, ուրախությամբ արձանագրում ենք, որ այս միջազգային հարթակը հնարավորություն է տալիս մեր ուսանողներին և դասախոսներին ներկայացնելու իրենց լավագույն արդյունքները՝ գիտության, ինժեներության և նորարարական լուծումների ոլորտում։ Մեր համալսարանում բարձր ենք գնահատում գիտական որոնումները, արհեստավարժ մոտեցումը և ստեղծագործական մտածողությունը, իսկ մրցույթի արդյունքները այսօր կրկին վկայում են այդ աշխատանքի արդյունավետության մասին։ Շնորհակալություն բոլոր ուսանողներին և ղեկավարներին՝ համառության, հետևողական ուսումնասիրությունների և պատասխանատու աշխատանքի համար»։
Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը ևս հանդես եկավ շնորհավորական խոսքով․ «Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին և մասնակիցներին։ Միջազգային հարթակներում ճանաչելիությունը մեր ֆակուլտետի համար դարձել է կայուն չափանիշ և հպարտության աղբյուր։ Ձեր ձեռքբերումները կարևոր ներդրում են ոչ միայն համալսարանի հեղինակության, այլև մեր երկրի գիտական և մասնագիտական ներգործության զարգացման համար»։
Մրցույթի արդյունքում 13 ուսանող պարգևատրվեց I կարգի դիպլոմներով, որոնցից մի քանիսը՝ հավելյալ վկայագրերով: Լավագույն ավարտական աշխատանքների ղեկավարման համար Լաուրեատի դիպլոմներով պարգևատրվեց 8 ղեկավար: