Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները մասնակցել են Ռոստովի հարավ-դաշնային համալսարանի Տուրիզմի բաժնի դասախոսությանը, որը վարում էր դոկտոր, պրոֆեսոր Օլգա Իվլևան։
Պրոֆեսոր Իվլևան ներկայացրեց Դոնի Ռոստով քաղաքի տուրիստական ենթակառուցվածքները՝ ընդգրկելով թանգարանները, հյուրանոցային և սննդի ձեռնարկությունները։ Նա անդրադարձավ նաև մշակութային և էկոզբոսաշրջության զարգացող ուղղություններին՝ նշելով դրանց կարևորությունը տարածաշրջանի զբոսաշրջային դաշտի ամրապնդման գործում։ Բանախոսը հատկապես շեշտեց ռուս-հայկական մշակութային կապերի հարուստ պատմությունը՝ ընդգծելով, որ քաղաքում են ծնվել հայ նշանավոր նկարիչ Մարտիրոս Սարյանը և գրող, հրապարակախոս, բանաստեղծ և հասարակական գործիչ Միքայել Նալբանդյանը, ինչը իրենց համար պատմական և մշակութային մեծ արժեք է ներկայացնում։
Դասախոսությունն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով՝ ինտենսիվ քննարկումների և հարցուպատասխանի ուղեկցությամբ։ ՃՇՀԱՀ-ի ուսանողները ցուցաբերեցին բարձր ակտիվություն, հետաքրքրվածություն և խորը գիտելիքներ, ինչի առթիվ դասընթացավարը հիացմունքով խոսեց նրանց պատրաստվածության մակարդակի մասին։
Հանդիպման ավարտին պրոֆեսոր Իվլևան սիրով հրավիրեց ՃՇՀԱՀ-ի ուսանողներին իրենց համալսարան՝ մասնագիտական փորձաշրջան անցնելու համար։ Նա նշեց, որ պատրաստ են ուսանողների համար ապահովել գործնական ուսուցում՝ Դոնի Ռոստովի հյուրանոցային համալիրներում, տուրիստական կազմակերպություններում և ուղեկցել այն ճանաչողական ու մշակութային էքսկուրսիաներով, ինչը կդառնա ուսումնական գործընթացի արդյունավետ շարունակությունը։
Դասընթացից հետո ՃՇՀԱՀ-ում ուսանողները ստացան մասնակցության վկայականներ՝ փաստելով ոչ միայն իրենց ներգրավվածությունը միջազգային համագործակցության գործընթացում, այլև ձեռք բերած նոր գիտելիքները և մասնագիտական հաղորդակցման արժեքավոր փորձը։