Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Մխիթարյանը։
Սուրեն Մխիթարյանը իր կյանքի ավելի քան 50 տարին նվիրել է գիտությանը և կրթությանը՝ համատեղելով գիտական հետազոտություններն ու մանկավարժական գործունեությունը։ Նա եղել է մեծ նվիրումով ու խորը գիտելիքներով օժտված վաստակաշատ գիտնական, ում աշխատանքն անջնջելի հետք է թողել գիտության տարբեր ոլորտներում։
Պրոֆեսոր Մխիթարյանի գիտական գործունեության առանցքը հանդիսացել են առաձգականության և առաձգամածուցիկության մաթեմատիկական տեսության կոնտակտային և խառը եզրային խնդիրները, քայքայման մեխանիկան, ֆիլտրացիայի տեսությունը և դեֆորմացվող պինդ մարմինների կոնտակտային խնդիրների լուծման արդյունավետ մաթեմատիկական մեթոդների մշակումն ու զարգացումը։ Նրա տպավորիչ գիտական ժառանգությունն ընդգրկում է ավելի քան 200 գիտական հոդված, որոնք տպագրվել են տեղական և արտասահմանյան պարբերականներում և անգնահատելի ներդրում ունեն այս ոլորտների զարգացման մեջ։
Դեռևս 2009թ.-ից պարոն Մխիթարյանը աշխատել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ)՝ որպես բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ և բացառիկ ավանդ է ունեցել նոր գիտական կադրերի ձևավորման գործում՝ դաստիարակելով գիտության ու կրթության բազմաթիվ նվիրյալների։
Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը`18:00-20:00, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 2-ին, ժամը`13:00-ին, նույն վայրից: