Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան այցելեց ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը հետևյալ կազմով. Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի քաղաքաշինության, բնակարանաշինության և հողի կառավարման հանձնաժողովի քարտուղար Թեա Աուլավոն, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների, հողերի և բնակարանների բաժնի փորձագետ Սեսիլիա Բատակ, ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի միջտարածաշրջանային խորհրդական Կատյա Շեֆեր և այլք:
Համալսարանից հանդիպմանը մասնակցում էին համալսարանի Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սարգիս Թովմասյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի արտաքին կապերի վարչության ներկայացուցիչ և այլք:
Հանդիպման ընթացքում հյուրերին հակիրճ ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման, մարզկենտրոններում բնակարանաշինության, քաղաքաշինության, հողային ռեսուրսների կառավարմանն առնչվող խնդիրները։ Անդրադարձ կատարվեց համալսարանի միջազգային գործունեությանը, Էրազմուս+ շարժունության ծրագրով փոխանակումներին, կրթական ծրագրերի արդիականացմանը, ուսանողների կողմից ժամանակակից նախագծանախահաշվարկային ծրագրերի տիրապետմանը, շինարարության և ճարտարապետւթյան ոլորտներում արհեստական բանականության կիրառմանը: Կարևորվեց ուսանողական և պրոֆեսորադասախոսական միջազգային շարժունության ակտիվացումը` փորձի փոխանակման, միջազգային գիտաժողովներին, փորձագիտական հանդիպումներին, ամառային դպրոցների մասնակցության տեսանկյունից: Պատվիրակությունը ծանոթագրական շրջայց կատարեց համալսանի լաբորատորիաներ, ստուդիաներ:
Հանդիպման ավարտին նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց եռակողմ համագործակցության պայմանագրի ստորագրման վերաբերյալ: