ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի պատվիրակությունը մասնակցեց Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի կողմից կազմակերպված «Միջազգային գործընկերային շաբաթ» խորագիրը կրող միջոցառմանը։ Համալսարանի պատվիրակությունը կազմված էր 20 ուսանողից և 4 դասախոսից: Ծրագիրը ներառում է ոչ միայն կրթական դասախոսություններ և վարպետության դասեր, այլ նաև քաղաքային շրջագայություններ, այցելություններ թանգարաններ և այգիներ։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ներկայացնում էին Դիզայնի ֆակուլտետի դեկանի տեղակալ տ.գ.թ., դոցենտ Տ. Փայտյանը, Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Թ. Սարգսյանը, Դիզայնի ամբիոնի դոցենտ, արվ. թեկնածու Ա. Աճառյանը և դասախոս Ա. Օդաբաշյանը։ Միջոցառման շրջանակներում դասախոսները վարեցին դասախոսություններ և վարպետության դասեր, իսկ ուսանողները մասնակցեցին միջազգային գործընկերների կողմից կազմակերպված սեմինարներին և ինտերակտիվ պրակտիկ խաղերին։
Այցելության ընթացքում ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի ներկայացուցիչները հանդիպեցին Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի Տարածական միջավայրի դիզայնի ինստիտուտի տնօրեն Յ. Վետրովայի, Միջազգային երիտասարդական նախագծերի կենտրոնի տնօրեն՝ Ք. Կեյշևայի, Միջազգային նախագծերի զարգացման բաժնի վարիչ Կ. Շիրիկովայի, Միջազգային նախագծերի և կրթական ծրագրերի ղեկավար՝ Լ. Կարպովայի և Միջազգային ինտեգրացիայի և կրթական ծրագրերի ուղղության ղեկավար՝ Ա. Պաստուխովի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու համալսարանների միջև հետագա համագործակցության հնարավորությունները։ Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպելու շարունակական երկկողմանի այցելություններ և մասնագիտական գործունեության համատեղ ծրագրեր։
Միջոցառման ավարտին մասնակիցները ստացան վկայականներ։