ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Սիրելի՛ համալսարանականներ, ուսուցիչներ, ուսանողներ և աշակերներ, ավարտին է մոտենում 2023 թվականը, և շուտով մենք կշրջենք մեր տարեգրության ևս մեկ էջ: 2023 թվականը մեր համալսարանի համար առանձնացավ միջազգային ասպարեզում գրանցած մի քանի կարևոր ձեռքբերումներով։ Նախ ճարտարապետոթյան ֆակուլտետի դիպլոմը Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից վերաճանաչվեց համահավասար ֆրանսիական պետական դիպլոմին, ապա մեր համալսարանը անդամակցեց 2 խոշոր միջազգային ասոցիացիանների, որոնցից յուրաքանչյուրը նոր դռներ ու հնարավորություն է բացելու մեզ համար։ Անցնող տարում կրթության ոլորտում առանձնակի կարևորվեց աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող նոր կրթական ծրագրերի և առանձին դասընթացների ներդրումը։ Գիտության ոլորտում նույնպես գրանցեցինք էական հաջողություններ, մասնավորապես գիտական ամսագրերում տպագրվեց 145 հոդված, գիտական հետազոտությունների համար ձեռք բերվեցին նոր սարքավորումներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի գիտական աշխատանքների արդյունքում երկու նորարարություն ձևակերպվեց որպես գյուտ և ստացավ արտոնագիր:
Համալսարանը անցնող տարում անմասն չի մնացել պետական խոշորագույն քաղաքաշինարական ծրագրերի և նորմերի մշակման աշխատանքներից, և այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր տարվա ընթացքում ջանք ու եռանդ չխնայեցին, որ մենք արձանագրենք մեր այսօրվա հաջողությունները։ Սիրելի՛ համալսարանականներ, ձեռքբերումների և ապագա անելիքների մասին դեռ կարելի է երկար խոսել, սակայն ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների կապակցությամբ։
Թո՛ղ գալիք 2024 թվականը մեր պետության համար լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի: Առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել հայրենիքի պաշտպաններին՝ տոնական օրերին սահմանին իրենց պարտքը կատարող մեր ուսանողներին և առհասարակ բոլոր զինվորներին՝ նրանց անփորձանք ու խաղաղ ծառայություն մաղթելով: Թո՛ղ խաղաղությունը անխախտ լինի Հայոց աշխարհում: Թո՛ղ 2024 թվականը միայն ձեռքբերումների և բարի գործերի իրականացման տարի լինի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: