Ջրվեժի միջնակարգ դպրոցի աշակերտները ուսուցչի ուղեկցությամբ այցելեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Այցի նպատակն էր կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Աշակերտներն Ընդունելության և կարիերայի բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջեցին համալսարանում, ծանոթացան բոլոր ֆակուլտետներին, ընդունելության քննություններին, շրջեցին արվեստանոցով և նոր սերդի սարքավորումներով հագեցած լաբորատորիաներով:
Աշակերտներից շատերը հստակ որոշել էին ընդունվել ՃՇՀԱՀ: Ուսուցչուհին կարևորեց այն հանգամանքը, որ այն աշակերտները, որոնք դեռ չեն որոշել, թե որ բուհ պետք է ընդունվեն, նույնպես ցանկություն են հայտնել այցելելու մեր համալսարան, ծանոթանալու համալսարանին, նրա հնարավորություններին և, իհարկե, ստանալու կարևոր տեղեկատվություն ընդունելության կարգի վերաբերյալ:
Պարոն Սարգսյանը նշեց, որ համալսարանական դիպլոմը բանալի է՝ հետագայում անհրաժեշտ դռները բացելու համար: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան դիպլոմը միջազգային ճանաչում ունի, իսկ Ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտներին շնորհվող դիպլոմը ֆրանսիական կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվում է ֆրանսիականին համարժեք: Համալսարանում, բացի մասնագիտական գիտելիքներ ստանալուց ուսանողները հնարավորություն ունենք խորապես ուսումնասիրելու օտար լեզուներ, իսկ ուսումնական պլանից դուրս կարող են մասնակցել նաև մասնագիտական տարատեսակ ծրագրերի ուսուցմանը: Այնպես որ մրցունակ և պահանջված մասնագետ դառնալու բոլոր պայմանները ստեղծված են: