(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դասախոս Հայկ Մկրտչյանը Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների մարդասիրական համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից արժանացել է 2021 թ․ «Համագործակցության դեբյուտներ» միջազգային մրցանակին՝ ներկայացնելով վերջին 10 տարիներին ծավալած գործունեությունը:

Հայկ Մկրտչյանը մանկավարժական գործունեությանը զուգահեռ  մասնակցել է և շարունակաբար մասնակցում է տեղական ու միջազգային մրցութային նախագծերի:

2010 թ. արժանացել է առաջին կարգի պարգևատրման` Երևան քաղաքի «Մետրոպոլիտենի Կոմիտասի կայարանի և առևտրի կենտրոնի» նախագծման համար:

2014 թ.  Երևան քաղաքի Սարյան փողոցի նախագծման համար ստացել է առաջին պարգևավճարը: Այդ տարիների ընթացքում նախագծել է բնակելի համալիրներ, առանձնատներ, հասարակական շենքեր, ռեստորաններ, հյուրանոցներ, հուշատախտակներ, եկեղեցիներ, արձաններ և այլ կառույցներ: 44-օրյա պատերազմում ԵՊՀ զոհված ուսանողներին նվիրված հուշահամալիրի կառուցման նախագիծը ևս Հայկ Մկրտչյանն է հեղինակել:

Հայկ Մկրտչյանի աշխատանքների շարքում հատկապես առանձնանում է Էջմիածնում գտնվող Դամբարանի և եկեղեցական ծիսակատարությունների վայրը, որը համահեղինակ է Ա. Մխիթարյանի հետ: 2015 թվականից սկսած Հայկ Մկրտչյանը ՀՀ ճարտարապետների միության անդամ է: Նրա ծավալած գործունեության մասին անվերջ կարելի է խոսել:

 

30.09.22