ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Մայիսը մերն է, ամենահայկական ու հայի պարծանք ամիսը: Մայիսյան տոներին սպասում է յուրաքանչյուրը՝ փոքրից մեծ՝ փուչիկներով վազելու, կարմիր ծաղիկներով Հաղթանակի զբոսայգում քայլելու, հաղթանակի ձայնով զնգացող մեդալների շքերթի համար: Հիշողության ու հպարտության, երջանկության արցունքի օր է մայիսի 9-ը:
Մայիսի 9-ը եռատոն է՝ 1945թ-ին Մեծ հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը: Շուշիի հաղթանակը մեր նորագույն պատմության այն փառապանծ էջը դարձավ, որը հետագայում հայրենասիրական շունչ ու ոգի փոխանցեց նոր սերնդին: Հայ զինվորը ապացուցեց, որ բազկի ուժով և միայն զենքով է հնարավոր կերտել փառապանծ հաղթանակը: Եվ, արդեն 26 տարի է, սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր, ամեն օր, ապացուցում է, որ մեր մատույցներն անդրդվելի են, մեր հաղթանակն՝ անվիճելի:
Երբ խոսքը հաղթանակին և արդարությանն է վերաբերում, հայ մարդն անտարբեր լինել չի կարող: Նույն հպարտ ոգով ու պատրաստակամությամբ շուրջ 600 հազար հայեր կռվեցին Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում և իրենց ավանդն ունեցան հաղթանակում:
Ուղիղ 26 տարի է անցել, սակայն առ այսօր յուրաքանչյուր հայ սրտի նուրբ թրթիռով է հիշում Շուշիի ազատագրման յուրաքանչյուր դրվագ, լեռներում խոստացված հարսանիքի մասին պատմող յուրաքանչյուր մանրուք:
Եվ կշարունակվի այսպես, քանի դեռ օրացույցում օղակված մայիսյան թվերի կարմիրը հիշեցնում է հայի՝ հանուն հաղթանակի թափված արյունն ու անպարտելիությունը: