Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում՝ այսօր, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էին հյուրընկալվել Երևանի թիվ 31 հիմնական դպրոցի աշակերտները՝ տնօրեն տիկին Թադևոսյանի և ֆրանսերենի ուսուցչուհի տիկին Դաբաղյանի ուղեկցությամբ:
Ֆրանսերենի ուսուցմամբ դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար կազմակերպված բաց դռների օրն աշակերտներն անցկացրեցին մեր համալսարանի հյուրընկալ հարկի ներքո, ծանոթացան Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Ակադեմիական նվաճումների կենտրոնի գործունեությանը, առաջարկվող կրթական և մշակույթային ծրագրերին:
Համալսարանի Ընդունելությունների բաժնի մասնագետի ուղեկցությամբ աշակերտները շրջեցին համալսարանում, եղան լաբորատորիաներում, արվեստանոցներում, լսարաններում:
Աշակերտներին ներկայացվեցին մեր համալսարանի ուսանողը լինելու բոլոր առավելություններն ու ընձեռվող հնարավորությունները, որոնց թվում են բազմաթիվ ծրագրերի շրջանակներում անցկացվող ուսանողական տարածաշրջանային ամենամյա փառատոններին մասնակցությունը, վերապատրաստումներն արտերկրի համապատասխան կրթական հաստատություններում և արվեստանոցներում, ֆրանկոֆոնիայի միջազգային կամավորների կամ կենտրոնի պատասխանատուների կողմից անցկավող ֆրանսերենի անվճար լրացուցիչ դասընթացները:
Իրենց հերթին դպրոցի աշակերտները Ակադեմիական նվաճումների կենտրոնի պատասխանատուներին և ֆրանկոֆոնիայի միջազգային կամավոր՝ Ամանդին Բովալեին հրավիրեցին ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում իրենց կողմից կազմակերպված միջոցառմանը: