(010) 303-300

ՃՇՀԱՀ ՔՈԼԵՋ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋ

Երևանի ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջը (նախկինում  Ա. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջ) 100 տարեկան է, ինչի մասին փաստում են հարուստ կենսագրությամբ պատկառելի տարիքը, պատանեկությունն ու ստեղծագործական բուռն կյանքը:

Հայ ժողովրդի ճարտարագիտական մտքի ջատագովները 1921 թ. ձեռնամուխ եղան ստեղծելու առաջին տեխնիկական ուսումնական հաստատությունը, որն արժանացավ կառավարության հավանությանը: Արդյունքում 1921 թ. նոյեմբերի 29-ին Սովնարկոմի որոշմամբ հիմնադրվեց Երևանի ինդուստրիալ տեխնիկումը: Այսպիսով՝ հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ մի նոր ու լուսավոր էջ բացվեց:

Ստեղծագործ-շինարար մեր ժողովուրդը, իր պետականություն ստացած իրավունքի առաջին տարին դեռևս չնշած, ձեռնամուխ եղավ ստեղծելու միջնակարգ մասնագիտական տեխնիկական կադրերի պատրաստման առաջին դարբնոցը: Այդ մասնագիտության ընտրությունը պատահական չէր: Հազարամյակներ առաջ, երբ գրվում էր մեր ժողովրդի ծննդյան վկայականը, նրան շնորհվել էր Հայ շինարարի անուն-ազգանուն:

Տեխնիկումի առաջին՝ Ֆիրդուսի փողոց N 49 հասցեում գտնվող երկսենյականոց, նկուղային հարկով երբեմնի անշուք տանը  տեղադրված էր փայտամշակման արհեստանոցը: Փոքր մի տուն էր, որն ուներ մեծ խնդիրներ, նաև մեծ հաղթանակներ: Հենց դա էլ նորաստեղծ ուսումնական հաստատության նշանաբանն էր: Առաջին տնօրեն Ալեքսանդր Մելիքյանը կարողացավ կարճ ժամանակամիջոցում կադրերի սղության պայմաններում իր շուրջը համախմբել ժամանակի հրամայականին համապատասխանող մասնագետների:

Նորաստեղծ տեխնիկումի մանկավարժական կազմի առաջին ներկայացուցիչներն էին Սոֆյա Ասատուրը, Միքայել Վարունցյանը, Խաչատուր Կանանյանը, Բաղադուր Բաղադրյանը, Ֆրիդոն Աղայանը, Իսկուհի Խորոզյանը, Լևոն Ասլանյանը, Արմենակ Մուրադյանը, Տարագրոս Տեր-Վարդանյանը: Փառք ու երախտիք նրանց: 

30-ական թվականներին շրջանավարտներից շատերը ձեռք բերեցին միութենական ու հանրապետական հռչակ՝ դառնալով անվանի գործիչներ, գիտության և տեխնիկայի երախտավորներ: Նրանց թվում էին` Սամվել Սաֆարյանը, Հովիկ Մարգարայնը, ակադեմիկոս Սովետական Միության գիտությունների ակադեմիայի պրոբլեմային մեխանիկայի բաժնի վարիչ, Գերագույն խորհրդի նախագահ Նագուշ Հարությունյանը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսորներ Վարազդատ Հարությունյանը, Արտաշես Մամիջանյանը, գրող, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Սահինյանը, Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի աէրոդինամիկայի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Մեժլումյանը, ճարտարապետ Հովհաննես Հակոբյանը, Խորհրդային Միության գազային արդյունաբերության  փոխնախարար Ռուդոլֆ Ասատրյանը, դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Տեր-Պետրոսյանը, «Երևանշին» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վազգեն Պողոսյանը և կարկառուն այլ ներկայացուցիչներ, որոնք եղել են շինարարական տեխնիկումի սաները: 

1950 թվականից շինարարական տեխնիկումը մեծ վերելք ապրեց: Այսօր մենք հպարտությամբ ենք նշում այդ թվականների շրջանավարտների՝ հնգամարտի աշխարհի քառակի և օլիմպիական խաղերի չեմպիոն Իգոր Նովիկովի, Խորհրդային Միության արտաքին և լիազոր դեսպան Ռ. Օհանջանյանին, Ճարտարագիտության և շինարարության համալսարանի դասախոսներ Պ. Տեր-Պետրոսյանի, Շ. Գևորգյանի, Ա. Ալեքսանյանի, Ա. Եփոյանի և բազմաթիվ այլ արժանավորների անուններ:

1953 թ. շինարարական տեխնիկումը վերանվանվեց ակադեմիկոս Ա. Թամանյանի անվան: 1973 թ.  տեղափոխվեց Նոր Նորքի 5-րդ զանգված՝ 1176 տեղանոց տիպային դպրոցական մի շենք, ուր հարմարություններն անհամեմատ ավելի լավ էին: Տեխնիկումի հնարավորությունները ընդլայնվեցին, ինչն էլ նպաստեց նրա զարգացմանը:  Ձեռք բերված նվաճումների գործում մեծ վաստակ ունեն տեխնիկումի տնօրեններ Արամ Կորկոտյանը, Միքայել Մարկոսյանը, Կարեն Փահլեվանյանը, Մարատ Ճուղուրյանը, Տիգրան Քեշիշյանը, Պետրոս Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Անահիտ Հովհաննիսյանը, որոնք ջանք չեն խնայել սիրելի ուսումնական հաստատության բարգավաճման համար: Առանձնահատուկ դեր ունի Ռոբերտ Խաչատրյանը, որը, 26 տարի ղեկավարելով տեխնիկումը, ոչ միայն նպաստեց առաջընթաց քայլերին, այլև կարողացավ խավար ու մութ տարիներին պահպանել հարազատ օջախի շունչն ու հոգին: Նրա մասին կարելի է երախտագիտության անթիվ ու անհամար խոսքեր ասել: Տեխնիկումի ուսումնադաստիարակչական աշխատանքների բարելավման գործում անգնահատելի դեր ունեն նաև  բաժնի ղեկավարները` Ասյա Հակոբյանը, Նելլի Բարսեղյանը, Վարազդատ Հակոբյանը, Ալբերտ Գաբրիելյանը:

Աշխատանքային այդ ժամանակահատվածը բարձր է գնահատվել համամիութենական և հանրապետական կառավարությունների կողմից: Երևանի շինարարական տեխնիկումը արձագանքել է նաև մեր ժողովրդի բախտորոշ պատմական իրողություններին: Արձագանքելով 1988 թ. դեկտեմբերի 7-ի արհավիրքին՝ տեխնիկումի աշխատակիցները հումանիտար օգնությամբ մեկնել են Լենինական:  20 ուսանողներից կազմված ջոկատը շուրջ 2 ամիս մնացել է այնտեղ, իսկ ամառային արձակուրդի ժամանակ 60 ուսանողներ շինջոկատի կազմում մեկնել են Լենինական՝ հրաժարվելով աշխատավարձից և այն փոխանցելով երկրաշարժից տուժածների  հասարակական ֆոնդին: Արցախյան ազատագրական պայքարում իր լուման ունի նաև քոլեջի կոլեկտիվը, որը հանգանակության կարգով հավաքված մեծ գումար է փոխանցել Ստեփանակերտ: Քոլեջի 5 ուսանողներ անմահացան մարտի դաշտերում՝ իրենց կյանքը չխնայելով հայրենիքի համար:

1990 թ. ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության որոշումներով Ա. Թամանյանի անվան Երևանի շինարարական տեխնիկումի կարգավիճակը վերափոխվեց ակադեմիկոս Ա. Թամանյանի անվան շինարարական քոլեջի: Այս կարգավիճակի փոփոխումը արդյունք էր կոլեկտիվի բազմամյա քրտնաջան ու արդյունավետ աշխատանքի:

2004 թ. հոկտեմբերի 14-ից մինչև 2008 թ. մարտ ամիսը քոլեջի տնօրեն նշանակվեց վաստակաշատ դասախոս Անահիտ Հովհաննիսյանը: 24 տարի շարունակ անձնվիրաբար դասավանդելով և լինելով քոլեջին շունչ ու եռանդ տվող ղեկավար՝ Ա. Հովհաննիսյանը կարողացել է կարճ ժամանակահատվածում քոլեջի զարգացումն ուղղել դեպի կրթական վերափոխումներ: Դրա վառ ապացույցն է Ա. Թամանյանի պետական շինարարական քոլեջի նոր ուսուցման  ռազմավարական ծրագիրը, քանզի ներկայիս շուկան այլ է և ունի իրեն բնորոշ պահանջարկը: Ուսուցման նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը դիտվում է ամբողջ աշխարհում: Դրա մասին են վկայում Լիսաբոնյան, Կոպենհագենյան և Բոլոնիայի պայմանագրերը: Այդ ուղղությամբ քոլեջում կատարվել են ուսումնական ծրագրերի վերանայում, դասախոսական անձնակազմի վերապատրաստում, անգլերենի և համակարգչային ուսուցման որակի բարձրացում: Վերջնամշակման աշխատանքների համար ստեղծվել է մոդուլ, և այդ մոդուլով կազմակերպվել են վերապատրաստման աշխատանքներ: Քոլեջում կատարվել են վերանորոգման աշխատանքներ`  ուսանողների համար բարեկեցիկ պայմաններ ապահովելու նպատակով, ինչպես նաև մեծ ուշադրություն են դարձվել գործատուների հետ նոր պայմանագրերի կնքմանն ու պրակտիկաների անցկացման որակի ապահովմանը:

Քոլեջի գործունեության հիմնական նպատակն է մատուցել ծառայություններ, որոնք վերաբերում են երկրի այսօրվա կարիքներին և նրա հետագա զարգացմանը:  Կարևորվում են ինչպես շրջապատի բարեկարգումը, այնպես էլ հոգու մաքրությունը, բարոյական պատասխանատվությունը: Քոլեջի կարգախոսներից է` «Եղի’ր իրավունքիդ տերը, սակայն մի՛ մոռացիր քո պարտականությունները»:

Քոլեջի անցյալը հպարտությոն զգացումով է համակում այն մարդկանց հոգիները, որոնք որոշակիորեն առնչակից են  քոլեջի գործունեությանը: Նրա բոլոր տարիների շրջանավարտները պարտքի մեծ զգացումով ու գիտակցմամբ կատարել են իրենց պարտականությունները, մասնակցել են հայրենիքի վերակառուցմանն ու բարգավաճմանը՝ բարձր պահելով հարազատ կրթօջախի պատիվը, որտեղ էլ ստացել են շինարարի առաջին մկրտությունը:

ՀՀ կառավարության 20.11.2007 թ. թիվ 1577-Ն որոշման համաձայն՝ Երևանի Ա. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է և  միացվել «Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ին՝ նպատակ ունենալով հետևելու Բոլոնիայի պայմանագրի շարունակական կրթությանը: ՀՀ կառավարություն 23.01.2014   բ թ. թիվ 80 որոշմամբ քոլեջը վերանվանվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջ:

Քոլեջը միշտ եղել և մնում է ՃՇՀԱՀ բոլոր ժամանակների ռեկտորների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Ռեկտորների՝  Հ. Վ. Թոքմաջյանի (2008-2014 թթ.), Գ. Շ. Գասլստյանի (2014-2019 թթ.), Ե. Վ. Վարդանյանի (2019 թ. — առ այսօր)   շնորհիվ ավարտվել է հանրակացարանի առաջին մասնաշենքի վերակառուցումը, ներկայումս վերակառուցվում են հանրակացարանի երկրորդ մասնաշենքը, քոլեջի լսարանները և սանհանգույցները, լուծվել են ջեռուցման և մի շարք այլ կենսական նշանակության խնդիրներ, որոն թույլ են տալիս իրականացնել միջին մասնագտական կրթություն ավելի հարմարավետ և ակադեմիական միջավայրում: 

Քոլեջում աշխատում են վաստակաշատ և երիտասարդ դասախոսներ, ինչպես նաև վարչական հմուտ աշխատողներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում ուսանողներին հաղորդելու համապատասխան գիտելիքներ, կյանքի նոր մարտահրավերներին ընդառաջ գնալու և մրցունակ լինելու աշխատանքային շուկայում:

Գերազանց և լավ գնահատականներով ուսանած շրջանավարտները  հնարավորություն կունենան իրենց ուսումը շարունակելու ՃՇՀԱՀ համապատասխան մասնագիտությամբ բակալավրիատի երկրորդ կուրսի հեռակա բաժնում: Ցանկության դեպքում կարող են ուսումնառությունը շարունակել մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:

0413.01.5   * Մենեջմենթ /կառավարում/ մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

  • համակարգում է կազմակերպության  առևտրին առնչվող գործունեությունը՝ տնօրենների (նրանց տեղակալների) ղեկավարությամբ, կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ համագործակցելով,
  • ղեկավարում է իրացման շուկաների ուսումնասիրության գործունեությունը, կազմակերպում է արտադրանքի իրացման գործընթացը՝ ապրանքների և ծառայությունների իրացումից առավելագույն շահույթ ստանալու նպատակով,
  • առևտրի ծավալները ժամանակին կատարելն ապահովելը,
  • առևտրային գործունեության ընթացքում միջոցների արդյունավետ օգտագործումը,
  • ապրանքը սպառողներին նվազագույն ծախսերով արագ հասցնելու ընթացիկ գործունեությունը ղեկավարելը,
  • կադրերի ընտրությունը, պատրաստումը, տեղաբաշխումը՝ նրանց մասնագիտական որակավորման բարձրացումը ղեկավարելը,
  • առևտրային գործունեության արդյունքները վերլուծելը և գնահատելը, դրանց մասին վերադաս ղեկավարներին զեկուցելը, այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ համագործակցելը, առևտրային ծառայությունների որակը հսկելը,
  • հաշվառում կազմակերպելը, առևտրային գործունեության հաշվետվություն կազմելը,
  • հնարավոր ռիսկի աստիճանի գնահատելը,
  • գործունեության շրջանակում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը:

 

0731.01.5  * Քաղաքաշինական կադաստր  մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

  •  նախագծատեխնոլոգիական աշխատանքների իրականացում, տեխնոլոգիական գործընթացների իրականացում,
  • աշխատանքների կազմակերպման իրականացում, փաստաթղթային աշխատանքների իրականացում,
  • արտադրական գործընթացների իրականացում, տեխնոլոգիական գործընթացների իրականացում,
  • քաղաքաշինական կադաստրի տեղեկատվական համակարգի ձևավորման համար անհրաժեշտ տվյալների նախապատրաստում,
  • կադաստրային աշխատանքների տեղագրագեոդեզիական աշխատանքների պլանավորում,
  • հողամասերի սահմանագծման նանագծային փաստաթղթերի մշակում,
  • անհրաժեշտ չափիչ սարքերի և գործիքների, ինչպես նաև չափման մեթոդների ընտրություն՝ օգտվելով համապատասխան նորմատիվ և տեղեկատվական փաստաթղթերից,
  • անշարժ գույքի հաշվառման, գրանցման և գնահատման իրականացում,
  • հաշվողական տեխնիկայի միջոցների և կիրառական ծրագրերի փաթեթների օգտագործմամբ անշարժ գույքի օբյեկտների  գույքագրում և հաշվառում, տարածքների քաղաքաշինական գնահատում:

1015.01.5  * Զբոսաշրջություն մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները՝

  • զբոսաշրջային ծառայության և /կամ փաթեթի մշակման ու ձևավորման՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների զբոսաշրջային արտադրության կազմակերպիչ,
  • *կապեր հաստատել զբոսաշրջային ծառայություններ մատուցող, մատակարարող և սպասարկվող կազմակերպությունների հետ, վարել բանակցություններ,
  • հաստատել համագործակցության կազմակերպության համար շահեկան պայմաններով մատակարարող և սպասարկող կազմակերպությունների հետ,
  • մշակել և ձևավորել զբոսաշրջային արտադրանք, զբոսաշրջային փաթեթ,
  • հաշվարկել ծախսերը, կազմել փաթեթի նախահաշիվը և սահմանել մրցունակ գին,
  • կապեր հաստատել զբոսաշրջային արտադրանքի պատվիրատու կազմակերպությունների հետ, վարել բանակցություններ,
  • ստեղծել հաճախորդների և պատվիրատու կազմակերպությունների տվյալների բազա, պահպանել և ընդլայնել այն,
  • կատարել աշխատանքի բաշխում ստորաբաժանման աշխատակիցների միջև,
  • կազմել իր ստորաբաժանման բյուջեն, վերահսկել բյուջեի և վճարումների արձանագրությունները, հաստատել ֆինանսական գործարքները:

0732.01.5 Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում՝ մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

  • նախապատրաստել, հավաքել և տեղակայել սանիտարատեխնիկական սարքավորումներ,
  • աշխատանքային գծագրին համապատասխան՝ նախապատրաստել գործիքները, նյութերը և սարքավորումները,
  • ապահովել սպասարկվող համակարգերի՝ տնտեսական, տաք և հակահրդեհային ջրամատակարարման ու ջրահեռացման շահագործման ժամանակակից չափանիշներով անվտանգ և հուսալի աշխատանքը,
  • կատարել տվյալ տվյալ համակարգի աշխատանքի պայմանների ուսումնասիրություն և բացահայտել վաղաժամ մաշման պատճառները,
  • հավաքել և ստուգել շարված խողովակաշարերի միացումների հերմետիկությունը,
  • բացահայտել սարքավորումների, թերությունների պատճառները և վերացնել դրանք,
  • ստուգել և փորձարկել վերանորոգված սարքավորումների աշխատանքը,
  • ապահովել համատեղ աշխատող սարքերի աշխատանքի համադրելիությունը,
  • կարգավորել թելադրող ջրաբաշխիչ սարքերի աշխատանքի օպտիմալ ռեժիմները,
  • ապահովել կենսագործունեության անվտանգությունը և բնապահպանական միջոցառումները,
  • խորհրդատվություն տրամադրել օգտագործողներին:

0411.01.5  Հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

  • հաշվապահ՝ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում,
  • գլխավոր հաշվապահ՝ փոքր ու միջին ձեռնարկություններում,
  • գլխավոր հաշվապահի տեղակալ՝ պայմանավորված կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ծավալներով,
  • սկզբնական հաշվապահական փաստաթղթեր նախապատրաստելը,
  • ֆինանսական հաշվետվություններ կազմելը,
  • դրամական վճարումներին, մուտքերին և ֆինանսական այլ գործառնություններին վերաբերող փաստաթղթերը կազմել,
  • լրացնել էլեկտրոնային հաշվետվության ձևերը,
  • ձևակերպել հաշվապահական հաշվառման թղթակցություններ, կազմել գրպանցամատյաններ և օգտվել հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերից,
  • իրականացնել ֆինանսական ներքին վերահսկողություն ՝ իր լիազորության շրջանակներում,

0738.05.5  Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում  մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

  • գազային տնտեսության տեխնիկը կատարում է գազամատակարարման համակարգի և սարքավորումների տեխնիկական շահագործումը և սպասարկումը, տեխնիկական  հրահանգների համաձայն՝ կատարում է կանխարգելիչ աշխատանքներ, ստուգումներ, հայտնաբերում է անսարքությունները, վերացնում դրանք ծնող դրանց առաջացման պատճառները:
  • գազ օգտագործող սարքավորումների շահագործման տեխնիկ,
  • գազամատակարարման համակարգի տեխնիկ,
  • արդյունաբերական կազմակերպությունների գազի տնտեսության տեխնիկ,
  • գազամուղների մոնտաժող կազմակերպության տեխնիկ,
  • բացահայտել գազամատակարարման համակարգերում և սարքավորումներում անսարքությունները և դրանց պատճառները,
  • ստուգել և փորձարկել գազամատակարարման համակարգերը, սարքավորումները,
  • կատարել ստուգումներ և չափումներ գազամատակարարման համակարգերում,
  • ապահովել ախտորոշումն ու թեստավորումը գազի համակարգերում,
  • ապահովել գազամատակարարման ու գազ սպառող սարքավորումների տեխնիկական շահագործումը և սպասարկումը,
  • կատարել գազամատակարարման համակարգերի և սարքավորումների մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքների ստուգում:

 

 0716.11.5  Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում  մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

  •  վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործման և տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման տեխնիկ,
  • շինարարական մեքենաների և սարքավորումների շահագործման, տեխնիկական սպասարկման և  ընթացիկ նորոգման տեխնիկ,
  • ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործման, տեխնիկական սպասարկման և  ընթացիկ նորոգման տեխնիկ,
  • վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումները աշխատանքի նախապատրաստելը, առանձին հանգույցներ և դետալներ կարգաբերելը,
  • վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումները աշխատանքային պարապուրդների պատճառների և տևողության  հաշվառում վարելը, նորոգման, տեխնիկական սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ նյութեր, պահեստամասեր, դետալներ և գործիքներ ստանալու հայտեր կազմելը,
  • վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների միջոցով բեռնման-բեռնաթափման, բեռի ամրացման ժամանակ անվտանգության կանոնների և չափորոշիչների պահպանումը հսկելը,
  • դժբախտ պատահարների սպառնալիքների հայտնաբերման և անվտանգության միջոցների ու կանոնների ներդրման աշխատանքին մասնակցելը:

 0738.04.5  Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական սարքավորումների և օդափոխման համակարգերի տեղակայում և շահագործում մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

  • շինարարության աշխղեկ,
  • տեխնիկ-նախագծող,
  • ներքին ջեռուցման, օդափոխման և սանիտարատեխնիկական սարքավորումների մոնտաժման մասնագետ,
  • կատարել համակարգերի նախագծման, տեղակայման, մոնտաժման և նորոգման վերաբերյալ չափագրումներ,
  • կազմակերպել համակարգերի արդյունավետության բարձրացմանը նպաստող միջոցառումներ,
  • ապահովել աշխատանքի անվտանգության և բնապահպանական կանոնների պահպանումը,
  • կազմել պահանջագրեր, հաշվոտվություններ, ժամանակացույցեր և այլ փաստաթղթեր,
  • մասնակցել  համակարգերի փորձարկումներին,
  • հրահանգավորել աշխատողներին:

 0728.06.5  Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

  • ապահովել տեխնիկական օգնություն շենքերի էլեկտրասարքավորումների հետազոտման, կատարելագործման և փորձնական նմուշների փորձարկման  հարցերում,
  • մշակել էլեկտրասարքավորումներ գծագրեր և ուրվագծեր՝ համաձայն մասնագրերի,
  • որոշել արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրասարքավորումների նորոգելու, կարգավորելու, տեղակայելու և շահագործելու համար անհրաժեշտ նյութական և աշխատանքային ծախսերի քանակը և արժեքը,
  • հսկել արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրասարքավորումների շահագործումը,
  • *մասնակցել արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրասարքավորումների անսարքությունների բացահայտման ու վերացմանը,
  • մասնակցել արդյունաբերական և քաղաքացիական շենքերի ներքին էլեկտրական ցանցի անսարքությունների բացահայտմանն ու վերացմանը,
  • հրահանգավորել արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրասարքավորումների օգտվող աշխատողներին,
  • իրականացնել արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական ցանցի տեղակայման ու շահագործման տեխնիկական հսկողություն,
  • իրականացնել արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրասարքավորումների տեղակայման և նորոգման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն,

 

 0613.01.5  Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

  •  հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման կատարելագործում, հարակից աշխատանքներ (համակարգչային ճարտարապետություն, ռոբոտատեխնիկական  համակարգերի ստեղծում),
  • հաշվողական միջոցների և դրանց համակարգերի տեխնիկական զարգացմանն առնչվող մշակումներին մասնակցելը,
  • օգտվողների հարցումների և տեխնիկական միջոցների հնարավորությունների հիման վրա հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման պահանջներ և առանձնահատկություններ մշակելը,
  • համակարգիչները և դրանց համակարգերը կիրառելիս հաշվողական միջոցների աշխատանքը վերահսկող և տեխնիկական ու ծրագրային ապահովման փոխադարձ կապը պահպանող ծրագրերի տվյալները մշակելը, գրառելը և թարմացնելը,
  • գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ,
  • մաթեմատիկական մոդելների և ալգորիթմների օգնությամբ խնդիրները նկարագրելը, բարձր մակարդակի ծրագրավորման և մեքենայական լեզուներով ծրագրեր կազմելը և գրառելը,
  • մշակված ծրագրերը փորձարկելը, շտկելը, ճշտելը,
  • այլ կազմակերպությունների մշակած պատրաստի ծրագրերը խնդիրներ լուծելու համար օգտագործելու հնարավորությունը որոշելը,
  • համակարգչային ծրագրեր և փաստաթղթեր սպասարկելը, նորացնելը, ճշտելը՝ ըստ համապատասխան մուտքային և ելքային տվյալների փոփոխման  և հաշվողական համակարգերի առանձնահատկությունների ու կառուցվածքի,
  • հաշվողական համակարգերը  համանմանեցնելու, տեսակավորելու, դրանց կիրառման տիրույթն ընդլայնելու աշխատանքներ կատարելը:

 

0212.02.01.5 Հագուստի մոդելավորում և նախագծում  մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

  • հագուստի արտադրության կազմակերպության նախագծող մոդելավորող,
  • նորաձևության տների նախագծող մոդելավորող, հրահանգիչ,
  • հագուստի արտադրության կազմակերպության փորձարարական արտադրամասի ղեկավար, հրահանգիչ,
  • հագուստի նախագծման համար ելակետային տեղեկությունների հավաքում, խմբավորում,
  • հագուստի նախագծման համար անհրաժեշտ հաշվարկների կատարում,
  • հագուստի էսքիզների կատարում,
  • հագուստի մոդելների մշակում,
  • հագուստի նախագծերի կատարում,
  • հագուստի տեխնիկական մոդելավորում,
  • հագուստի լեկալների ձևավորում,
  • մոդելի տեխնիկական փաստաթղթերի համապատասխան մասերի ձևավորում,
  • նախագծերի կոնստրուկտիվ շտկումների կատարում,
  • մասնակցություն հագուստի փորձնական նմուշի պատրաստմանը,
  • փռման հնարավոր արդյունավետ տարբերակի մշակում,
  • աշխատակիցների մասնագիտական հրահանգավորում:

ՃՇՀԱՀ ՄՄԿ քոլեջի բոլոր մասնագիտությունների գծով դիմորդի դիմում  հայտը և փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով

 

Ոլորտային մասնագիտություններով՝ այդ թվում Ե ՃՇՀԱՀ ՄՄԿ քոլեջի բոլոր մասնագիտությունների գծով դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերը ներկայացվելու են էլեկտրոնային տարբերակով՝ dimord.emis.am կայքի միջոցով, ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը ներառյալ՝ ժամը 18:00, իսկ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև սույն թվականի օգոստոսի 3-ը ներառյալ՝ ժամը 18:00: ՃՇՀԱՀ ՄՄԿ քոլեջի «գծանկար» առարկայից ընդունելության քննությունը անցկացվելու է ՃՇՀԱՀ ՄՄԿ քոլեջում (հասցեն՝ ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ զանգված, Մառի 17/1) սույն թվականի օգոստոսի 12-ին և օգոստոսի 13-ին: Դիմորդը էլեկտրոնային եղանակով՝ dimort.emis.am կայքի միջոցով, լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`

1)  լուսանկար,

2) կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

4) կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

5) Դիմորդի՝ արտոնյալ կարգով ընդունվելու դեպքում՝ ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), որը Հաստատության տնօրենը (ռեկտորը) ուսանողներին հրամանագրելուց հետո՝ 2-օրյա ժամկետում ներկայացնում է Լիազորված մարմնին,

6) իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում),

7) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճեները (առկայության դեպքում),

8) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթուղթի պատճենը (առկայության դեպքում),

9) աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),

10) Դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:

Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանաված կարգով պատասխանատվության

Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:

Դիմորդի դիմում հայտը կարող է մերժվել ընդունող հանձնաժողովի կողմից դիմորդի դիմում հայտի և/կամ փասթաթղթերի թերի ներկայացման դեպքում, եթե թերությունները դիմորդի կողմից չեն վերացվում` այն ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ` (ս.թ. օգոստոսի 2-ը) նշելով մերժման հիմքը, ինչպես նաև առկա (ստացիոնար) ուսուցմամբ ըստ կրթության հիմքի և մասնագիտության (բացառությամբ արվեստի ոլորտի) 10 դիմում հայտից քիչ լինելու դեպքումդիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ, որի մասին նույն օրը տեղեկացվում է դիմումատուին հեռախոսակապի և դիմումատուի էլեկտրոնային հասցեի միջոցով:

Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, (Հ/Հ 1510001964940200 ԱՐԱՐԱՏ բանկ) հաշվեհամարին վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

Դիմորդի ներկայացրած էլեկտրոնային դիմում հայտը հաստատելու դեպքում համակարգը դիմորդին տրամադրում է էլեկտրոնային քննաթերթիկ, որի թղթային տարբերակը դիմորդը պարտավոր է ներկայացնել «գծանկար» առարկայից ընդունելության քննությանը ներկայանալիս:

Հետևե՛ք տեսանյութում   ներկայացված քայլերին և ընդունվե՛ք ՃՇՀԱՀ ՄՄԿ քոլեջ՝ առանց տանից դուրս գալու։

https://www.youtube.com/watch?time_continue=46&v=lq1Bh_6dKU4&feature=emb_logo

Հասցե`ք.Երևան, ՆորՆորքի 5-րդ զանգված, Մառի 17/1

Հեռ.`+374 10 64-20-99, +374 10 64-20-01, +374 77 48-28-54

էլ.փոստ`ahovhanisyan@ysuac.am