(010) 303-300

Կրկնակի դիպլոմով ուսուցում

ԿՐԿՆԱԿԻ ԴԻՊԼՈՄՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ

«Նախագծերի կառավարում» (զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտներում)

Հայ-իսպանական մագիստրոսական համատեղ կրթական ծրագիր

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը (ՎՊՀ, Իսպանիա) իրականացնում են  «Նախագծերի կառավարում» (զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտներում) մագիստրոսական համատեղ կրթական ծրագիրը՝ մեկտեղելով տնտեսագիտական և կառավարման իմացությունը տեխնիկական գիտելիքի ու հմտությունների հետ։ Հաշվի առնելով համատեղ կրթական ծրագրի առանձնահատկությունները՝ շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու որպես նախագծերի կառավարիչներ ինչպես զբոսաշրջության և մշակութային ժառանգության պահպանման ու կառավարման, այնպես էլ շինարարության ոլորտներում։ Երկու որակավորումները (դիպլոմները) հանարավորություն կընձեռեն աշխատելու թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպայի աշխատաշուկայում։

Ուսումնառության առաջին տարում ուսանողները կսովորեն ՀՊՏՀ-ում և ՃՇՀԱՀ-ում՝ իրենց կարգավիճակով (անվճար կամ վճարովի), իսկ երկրորդ տարում՝ ՎՊՀ-ում՝ հնարավորություն ունենալով փորձառություն անցնել Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Ռիմինիի մասնաճյուղում։

Մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ՀՊՏՀ, ՃՇՀԱՀ և հայաստանյան այլ բուհերի առնվազն բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտները։ Ընդունելությունը կատարվում է հարցազրույցով, որի ժամանակ ստուգվում է նաև անգլերենի իմացությունը։ Ուսման վարձը ՀՀ-ում ուսումնառության ընթացքում 1 կրեդիտի համար սահմանվում է 11՛000 ՀՀ դրամ։ Անվճար մրցույթին կարող են մասնակցել 2017-2018 ուսումնական տարվա ՃՇՀԱՀ և ՀՊՏՀ այն շրջանավարտները, որոնց միջին որակական գնահատականը (մոգ) բավարարում է համապատասխան որակավորմամբ մագիստրատուրա անվճար ընդունելությանը։ Մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել նաև օտարերկրյա քաղաքացիները։

ՎՊՀ-ում ուսումը շարունակելու համար դիմորդները պետք է տիրապետեն անգլերենին, քանի որ բոլոր դասընթացները կազմակերպվելու են բառացապես անգլերենով։ ՎՊՀ կողմից շնորհվող որակավորում (դիպլոմ) ստանալու համար ուսանողները կրթական ծրագրով նախատեսված կրեդիտների (120 ԿՓԿՀ) առնվազն 40% (48 ԿՓԿՀ) պետք է կուտակեն ՎՊՀ-ում և մագիստրոսական թեզը պաշտպանեն Վալենսիայում։ Մեկ կրեդիտի արժեքը Վալենսիայում ուսումնառության ընթացքում, կախված դասընթացի առանձնահատկությունից, կազմում է 30-55 եվրո։

ՀՀ-ում և Իսպանիայում ուսումնառության հաջող ավարտի դեպքում մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի ուսանողները կստանան երկու որակավորում՝ ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ համատեղ դիպլոմ և ՎՊՀ դիպլոմ։