(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՔՈԼԵՋ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋ

Երևանի ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջը (նախկինում  Ա. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջ) 100 տարեկան է, ինչի մասին փաստում են հարուստ կենսագրությամբ պատկառելի տարիքը, պատանեկությունն ու ստեղծագործական բուռն կյանքը:

Հայ ժողովրդի ճարտարագիտական մտքի ջատագովները 1921 թ. ձեռնամուխ եղան ստեղծելու առաջին տեխնիկական ուսումնական հաստատությունը, որն արժանացավ կառավարության հավանությանը: Արդյունքում 1921 թ. նոյեմբերի 29-ին Սովնարկոմի որոշմամբ հիմնադրվեց Երևանի ինդուստրիալ տեխնիկումը: Այսպիսով՝ հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ մի նոր ու լուսավոր էջ բացվեց:

Ստեղծագործ-շինարար մեր ժողովուրդը, իր պետականություն ստացած իրավունքի առաջին տարին դեռևս չնշած, ձեռնամուխ եղավ ստեղծելու միջնակարգ մասնագիտական տեխնիկական կադրերի պատրաստման առաջին դարբնոցը: Այդ մասնագիտության ընտրությունը պատահական չէր: Հազարամյակներ առաջ, երբ գրվում էր մեր ժողովրդի ծննդյան վկայականը, նրան շնորհվել էր Հայ շինարարի անուն-ազգանուն:

Տեխնիկումի առաջին՝ Ֆիրդուսի փողոց N 49 հասցեում գտնվող երկսենյականոց, նկուղային հարկով երբեմնի անշուք տանը  տեղադրված էր փայտամշակման արհեստանոցը: Փոքր մի տուն էր, որն ուներ մեծ խնդիրներ, նաև մեծ հաղթանակներ: Հենց դա էլ նորաստեղծ ուսումնական հաստատության նշանաբանն էր: Առաջին տնօրեն Ալեքսանդր Մելիքյանը կարողացավ կարճ ժամանակամիջոցում կադրերի սղության պայմաններում իր շուրջը համախմբել ժամանակի հրամայականին համապատասխանող մասնագետների:

Նորաստեղծ տեխնիկումի մանկավարժական կազմի առաջին ներկայացուցիչներն էին Սոֆյա Ասատուրը, Միքայել Վարունցյանը, Խաչատուր Կանանյանը, Բաղադուր Բաղադրյանը, Ֆրիդոն Աղայանը, Իսկուհի Խորոզյանը, Լևոն Ասլանյանը, Արմենակ Մուրադյանը, Տարագրոս Տեր-Վարդանյանը: Փառք ու երախտիք նրանց: 

30-ական թվականներին շրջանավարտներից շատերը ձեռք բերեցին միութենական ու հանրապետական հռչակ՝ դառնալով անվանի գործիչներ, գիտության և տեխնիկայի երախտավորներ: Նրանց թվում էին` Սամվել Սաֆարյանը, Հովիկ Մարգարայնը, ակադեմիկոս Սովետական Միության գիտությունների ակադեմիայի պրոբլեմային մեխանիկայի բաժնի վարիչ, Գերագույն խորհրդի նախագահ Նագուշ Հարությունյանը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսորներ Վարազդատ Հարությունյանը, Արտաշես Մամիջանյանը, գրող, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Սահինյանը, Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի աէրոդինամիկայի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Մեժլումյանը, ճարտարապետ Հովհաննես Հակոբյանը, Խորհրդային Միության գազային արդյունաբերության  փոխնախարար Ռուդոլֆ Ասատրյանը, դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Տեր-Պետրոսյանը, «Երևանշին» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վազգեն Պողոսյանը և կարկառուն այլ ներկայացուցիչներ, որոնք եղել են շինարարական տեխնիկումի սաները: 

1950 թվականից շինարարական տեխնիկումը մեծ վերելք ապրեց: Այսօր մենք հպարտությամբ ենք նշում այդ թվականների շրջանավարտների՝ հնգամարտի աշխարհի քառակի և օլիմպիական խաղերի չեմպիոն Իգոր Նովիկովի, Խորհրդային Միության արտաքին և լիազոր դեսպան Ռ. Օհանջանյանին, Ճարտարագիտության և շինարարության համալսարանի դասախոսներ Պ. Տեր-Պետրոսյանի, Շ. Գևորգյանի, Ա. Ալեքսանյանի, Ա. Եփոյանի և բազմաթիվ այլ արժանավորների անուններ:

1953 թ. շինարարական տեխնիկումը վերանվանվեց ակադեմիկոս Ա. Թամանյանի անվան: 1973 թ.  տեղափոխվեց Նոր Նորքի 5-րդ զանգված՝ 1176 տեղանոց տիպային դպրոցական մի շենք, ուր հարմարություններն անհամեմատ ավելի լավ էին: Տեխնիկումի հնարավորությունները ընդլայնվեցին, ինչն էլ նպաստեց նրա զարգացմանը:  Ձեռք բերված նվաճումների գործում մեծ վաստակ ունեն տեխնիկումի տնօրեններ Արամ Կորկոտյանը, Միքայել Մարկոսյանը, Կարեն Փահլեվանյանը, Մարատ Ճուղուրյանը, Տիգրան Քեշիշյանը, Պետրոս Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Անահիտ Հովհաննիսյանը, որոնք ջանք չեն խնայել սիրելի ուսումնական հաստատության բարգավաճման համար: Առանձնահատուկ դեր ունի Ռոբերտ Խաչատրյանը, որը, 26 տարի ղեկավարելով տեխնիկումը, ոչ միայն նպաստեց առաջընթաց քայլերին, այլև կարողացավ խավար ու մութ տարիներին պահպանել հարազատ օջախի շունչն ու հոգին: Նրա մասին կարելի է երախտագիտության անթիվ ու անհամար խոսքեր ասել: Տեխնիկումի ուսումնադաստիարակչական աշխատանքների բարելավման գործում անգնահատելի դեր ունեն նաև  բաժնի ղեկավարները` Ասյա Հակոբյանը, Նելլի Բարսեղյանը, Վարազդատ Հակոբյանը, Ալբերտ Գաբրիելյանը:

Աշխատանքային այդ ժամանակահատվածը բարձր է գնահատվել համամիութենական և հանրապետական կառավարությունների կողմից: Երևանի շինարարական տեխնիկումը արձագանքել է նաև մեր ժողովրդի բախտորոշ պատմական իրողություններին: Արձագանքելով 1988 թ. դեկտեմբերի 7-ի արհավիրքին՝ տեխնիկումի աշխատակիցները հումանիտար օգնությամբ մեկնել են Լենինական:  20 ուսանողներից կազմված ջոկատը շուրջ 2 ամիս մնացել է այնտեղ, իսկ ամառային արձակուրդի ժամանակ 60 ուսանողներ շինջոկատի կազմում մեկնել են Լենինական՝ հրաժարվելով աշխատավարձից և այն փոխանցելով երկրաշարժից տուժածների  հասարակական ֆոնդին: Արցախյան ազատագրական պայքարում իր լուման ունի նաև քոլեջի կոլեկտիվը, որը հանգանակության կարգով հավաքված մեծ գումար է փոխանցել Ստեփանակերտ: Քոլեջի 5 ուսանողներ անմահացան մարտի դաշտերում՝ իրենց կյանքը չխնայելով հայրենիքի համար:

1990 թ. ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության որոշումներով Ա. Թամանյանի անվան Երևանի շինարարական տեխնիկումի կարգավիճակը վերափոխվեց ակադեմիկոս Ա. Թամանյանի անվան շինարարական քոլեջի: Այս կարգավիճակի փոփոխումը արդյունք էր կոլեկտիվի բազմամյա քրտնաջան ու արդյունավետ աշխատանքի:

2004 թ. հոկտեմբերի 14-ից մինչև 2008 թ. մարտ ամիսը քոլեջի տնօրեն նշանակվեց վաստակաշատ դասախոս Անահիտ Հովհաննիսյանը: 24 տարի շարունակ անձնվիրաբար դասավանդելով և լինելով քոլեջին շունչ ու եռանդ տվող ղեկավար՝ Ա. Հովհաննիսյանը կարողացել է կարճ ժամանակահատվածում քոլեջի զարգացումն ուղղել դեպի կրթական վերափոխումներ: Դրա վառ ապացույցն է Ա. Թամանյանի պետական շինարարական քոլեջի նոր ուսուցման  ռազմավարական ծրագիրը, քանզի ներկայիս շուկան այլ է և ունի իրեն բնորոշ պահանջարկը: Ուսուցման նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը դիտվում է ամբողջ աշխարհում: Դրա մասին են վկայում Լիսաբոնյան, Կոպենհագենյան և Բոլոնիայի պայմանագրերը: Այդ ուղղությամբ քոլեջում կատարվել են ուսումնական ծրագրերի վերանայում, դասախոսական անձնակազմի վերապատրաստում, անգլերենի և համակարգչային ուսուցման որակի բարձրացում: Վերջնամշակման աշխատանքների համար ստեղծվել է մոդուլ, և այդ մոդուլով կազմակերպվել են վերապատրաստման աշխատանքներ: Քոլեջում կատարվել են վերանորոգման աշխատանքներ`  ուսանողների համար բարեկեցիկ պայմաններ ապահովելու նպատակով, ինչպես նաև մեծ ուշադրություն են դարձվել գործատուների հետ նոր պայմանագրերի կնքմանն ու պրակտիկաների անցկացման որակի ապահովմանը:

Քոլեջի գործունեության հիմնական նպատակն է մատուցել ծառայություններ, որոնք վերաբերում են երկրի այսօրվա կարիքներին և նրա հետագա զարգացմանը:  Կարևորվում են ինչպես շրջապատի բարեկարգումը, այնպես էլ հոգու մաքրությունը, բարոյական պատասխանատվությունը: Քոլեջի կարգախոսներից է` «Եղի’ր իրավունքիդ տերը, սակայն մի՛ մոռացիր քո պարտականությունները»:

Քոլեջի անցյալը հպարտությոն զգացումով է համակում այն մարդկանց հոգիները, որոնք որոշակիորեն առնչակից են  քոլեջի գործունեությանը: Նրա բոլոր տարիների շրջանավարտները պարտքի մեծ զգացումով ու գիտակցմամբ կատարել են իրենց պարտականությունները, մասնակցել են հայրենիքի վերակառուցմանն ու բարգավաճմանը՝ բարձր պահելով հարազատ կրթօջախի պատիվը, որտեղ էլ ստացել են շինարարի առաջին մկրտությունը:

ՀՀ կառավարության 20.11.2007 թ. թիվ 1577-Ն որոշման համաձայն՝ Երևանի Ա. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է և  միացվել «Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ին՝ նպատակ ունենալով հետևելու Բոլոնիայի պայմանագրի շարունակական կրթությանը: ՀՀ կառավարություն 23.01.2014   բ թ. թիվ 80 որոշմամբ քոլեջը վերանվանվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջ:

Քոլեջը միշտ եղել և մնում է ՃՇՀԱՀ բոլոր ժամանակների ռեկտորների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Ռեկտորների՝  Հ. Վ. Թոքմաջյանի (2008-2014 թթ.), Գ. Շ. Գասլստյանի (2014-2019 թթ.), Ե. Վ. Վարդանյանի (2019 թ. — առ այսօր)   շնորհիվ ավարտվել է հանրակացարանի առաջին մասնաշենքի վերակառուցումը, ներկայումս վերակառուցվում են հանրակացարանի երկրորդ մասնաշենքը, քոլեջի լսարանները և սանհանգույցները, լուծվել են ջեռուցման և մի շարք այլ կենսական նշանակության խնդիրներ, որոն թույլ են տալիս իրականացնել միջին մասնագտական կրթություն ավելի հարմարավետ և ակադեմիական միջավայրում: 

Քոլեջում աշխատում են վաստակաշատ և երիտասարդ դասախոսներ, ինչպես նաև վարչական հմուտ աշխատողներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում ուսանողներին հաղորդելու համապատասխան գիտելիքներ, կյանքի նոր մարտահրավերներին ընդառաջ գնալու և մրցունակ լինելու աշխատանքային շուկայում:

Գերազանց և լավ գնահատականներով ուսանած շրջանավարտները  հնարավորություն կունենան իրենց ուսումը շարունակելու ՃՇՀԱՀ համապատասխան մասնագիտությամբ բակալավրիատի երկրորդ կուրսի հեռակա բաժնում: Ցանկության դեպքում կարող են ուսումնառությունը շարունակել մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: