(010) 303-300

Ինչպես դիմել

I. ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  1. Ասպիրանտուրայում ընդունելությունը կատարվում է մրցույթով, առկա և հեռակա ձևերով: Ասպիրանտուրայի ընդունելությունը առկա ուսուցմամբ, անվճար, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերի համար իրականացվում է համապատասխան տարվա ժամանակահատվածի զորակոչը կազմակերպելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետներում:
  2. Անվճար հիմունքներով օտար լեզուներից և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից նախապատրաստական դասընթացներին և քննություններին մասնակցելու համար հավանական դիմորդների ցուցակները ներկայացվում են դասընթացներ կազմակերպող կազմակեր­պություններ, որոնց հետ կնքվում են պայմանագրեր:
  3. Համալսարանում ասպիրանտուրայի ընդունելությունը կազմակերպում է ընդունող հանձնաժողովը՝ համալսարանի ռեկտորի նախագահությամբ:
  4. Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննություններն ընդունում են մասնագիտական քննական հանձնաժողովները (այսուհետ` մասնագիտական հանձնաժողովներ): Մասնագիտական հանձնաժողով­ների կազմում ընդգրկվում են տվյալ մասնագիտական բնագավառի գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող երեքից հինգ մասնագետ:
  5. Ընդունող և մասնագիտական հանձնաժողովները կազմավորվում են համալսարանի ռեկտորի հրամանով:
  6. Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատում է համալսարանի ռեկտորը և քննությունների սկսվելուց յոթ աշխատանքային օր առաջ քննության անցկացման տեղի և ժամանակի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնին:
  7. Դիմորդին մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը տալիս է համալսարանի ընդունող հանձնաժողովը՝ օտար լեզվից և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած համապատասխան միավորը հավաստող վկայականի և (կամ) տեղեկանքի առկայության դեպքում, ինչպես նաև մասնագիտությանը համապատասխան գիտական ռեֆերատի մասին մասնագիտական ամբիոնի կամ գիտական ստորաբաժանման գրավոր դրական գրախոսականի կամ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների մասին հաստատված ցուցակի դեպքում:
  8. Հայտարարությունների համար նախատեսված վայրում փակցվում և պաշտոնական կայքէջում տեղադրվում է մասնագիտական քննության՝

ա) անցկացման օրվա, տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը՝ քննությունը սկսելուց յոթ աշխատանքային օր առաջ,

բ) հարցաշարը՝  մասնագիտական քննությունից առնվազն մեկ ամիս առաջ,

գ) ընթացակարգային պահանջները:

  1. Ասպիրանտուրայի ընդունելության նախապատրաստական աշխա­տանքներն ավարտելուց հետո «Հայաստանի Հանրապետություն» օրա­թերթում հայտարարություն է տրվում ասպիրանտուրայի ընդունելութ­յան մասին` նշելով գիտության բնագավառում ուսուցման ձևը, տեղերի քանակը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, փաստաթղթերի ընդու­նելության և քննությունների ժամանակացույցը:

 

II. ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. Ասպիրանտուրայի ընդունելությանը կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, հանձնել են «Օտար լեզու» ու «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առար­կաներից տարբերակված ստուգարքներ, հաղթահարելով ստորև նշված օտար լեզուներից որևէ մեկից և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկայից ստացած  անհրաժեշտ նվազագույն միավորը.

ա) անգլերեն լեզվից (TOEFL iBT)՝  46 միավոր, (IELTS)`  5.5  միավոր

բ) ֆրանսերեն լեզվից (TCF)` 200 միավոր

գ) գերմաներեն լեզվից (on DaF) `  60 միավոր

դ)«Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկայից` 25 միավոր:

  1. Դիմորդը կամ նրա լիազորած անձը ասպիրանտուրայի ընդունելությանը մասնակցելու համար համալսարանի հետբուհական մասնագիտական կրթության դեպար­տամենտ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում ռեկտորի անունով,

բ) բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

գ) օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայական կամ դրան համապատասխան տեղեկանք (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),

դ) ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ մասնագիտական ամբիոնի կողմից դրական գրախոսված գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,

ե) կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և չորս լուսանկար (3 x 4 չափսի),

զ) քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է),

է) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցության զեկուցումները (առկայության դեպքում),

ը) զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում` զորա­կոչային տեղամասում կցագրման վկայականի պատճենը):

Դիմորդը կամ նրա լիազորած անձը ներկայացնում է նաև անձնագիրը և բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակը:

III.  ՔՆՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

  1. Դիմորդներն ընդունելության քննություն են հանձնում մասնագիտական առարկայից:
  2. Մասնագիտական առարկայից քննության հարցաշարը, որն ընգրկում է նախորդ աստիճանների ծրագրային նյութը, կազմվում է համալսարանի մասնագիտական ամբիոնների, գիտա­կան ստորաբաժանման կամ մասնագիտական հանձնաժողովի կողմից: Հարցաշարը (տրամադրվում է դիմորդներին) հաստատում է համալ­սարանի ռեկտորը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը, որից հետո քննությունից 2 (երկու) աշխատանքային օր առաջ՝ հրապարակված հարցաշարից, հանձնաժողովի նախագահի կողմից կազմվում են հարցատոմսեր, որոնք հաստատվում են հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և համալսարանի կնիքով: Հարցատոմսերը յուրաքանչյուր տարի վերանայվում են:
  3. Մասնագիտական քննություններն անցկացվում են գրավոր կամ բանավոր: Քննությունների անցկացման ձևը սահմանում է ընդունող հանձնաժողովը: Բանավոր քննությունը ձայնագրվում է, և արդյունքները պահպանվում են հրապարակվելուց հետո առնվազն 24 ժամ:
  4. Դիմորդը քննության է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:
  5. Մասնագիտական առարկայից ասպիրանտուրա ընդունվողի գիտելի­քները գնահատում է համալսարանի ընդունող հանձնաժողովը մշակված համակարգով` հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամների առնվազն 2/3-ի մասնակցությամբ:
  6. Մասնագիտական քննության անցկացումն արձանագրվում է աս­պիրանտու­րա ընդունվողի քննական թերթում նշելով առաջադրված հարց­երը և ստացված գնահատականը: Քննական թերթում ստորագրում են հանձնաժողովի նախագահը և ներկա գտնվող անդամները:
  7. Դիմորդի գիտելիքների գնահատական համարվում է հանձնաժողովի անդամների նշանակած գնահատականների միջին թվաբանականը:
  8. Դիմորդը կարող է մասնագիտական քննության գնահատականը բողոքարկել քննությունների արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքը ներկայացվում է  հանձնաժողովի նախագահին գրավոր ձևով: Բողոքը քննարկվում է նույն օրը:
  9. Բողոքարկմանը մասնակցում են համալսարանի վարչական անձնակազմի (դեկան կամ ուսումնամեթոդական ստորաբաժանման ներկայացուցիչ)՝ տվյալ հանձնաժողովի անդամ չհանդիսացող աշխատողը և համալսարանի ուսանողական կամ երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցիչը, որոնց թեկնածությունները նախապես հաստատվում են համալսարանի ռեկտորի կողմից:
  10. Հանձնաժողովը դիմորդի ներկայությամբ ուսումնասիրում և քննարկում է գրավոր աշխատանքը և լսում բանավոր պատասխանի ձայնագրությունը: Բողոքարկման արդյունքում հանձնաժողովը բաց քվեարկությամբ, անդամների և ներգրավված անձանց ձայների պարզ մեծամասնությամբ, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

       ա) գնահատականը թողնել անփոփոխ,

       բ) գնահատականը բարձրացնել:

  1. Ընդունված որոշման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը, համալսարանի վարչական անձնակազմի ուսանողական կամ երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցիչները և դիմորդը: Նշված անձանցից որևէ մեկի կողմից ընդունված որոշմանն անհամաձայնություն հայտնելու դեպքում գրավոր ներկայացվում է հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը:
  2. Մասնագիտական քննության գնահատականը կարող է բողոքարկվել դատարանում՝ օրենքով սահմանված կարգով:
  3. Մասնագիտական քննության վերահանձնում չի թույլատրվում:
  4. Ասպիրանտուրայի մասնագիտական քննության արդյունքն ուժի մեջ է տվյալ ուսումնական տարվա ընդունելության ընթացքում:

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

  1. Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի: Մասնագիտական քննությունը գնահատվում է 20 (քսան) միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն 13 (տասներեք) միավոր:
  2. Ասպիրանտուրա ընդունվում է մասնագիտական քննությունից առավելագույն միավոր ստացած անձը: Մասնագիտական քննությունից ստացած հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության`

ա) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը,

բ) բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը,

գ) հրատարակված գիտական աշխատանքների թիվը,

դ) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցությունը (զեկուցումները):

  1. Ընդունող հանձնաժողովը մրցույթի արդյունքների հիման վրա որոշում է ընդունում յուրաքանչյուր դիմորդի վերաբերյալ:
  2. Ասպիրանտուրա ընդունվելու կամ մրցույթով չանցնելու վերաբերյալ որոշման մասին դիմորդներն իրազեկվում են մասնագիտական քննությունից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
  3. Ասպիրանտների հրամանագրումը կատարվում է համալսարանի ռեկտորի հրամանով՝ ասպիրանտի հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
  4. Առկա ուսուցման ձևով և անվճար հիմունքներով ասպիրանտուրա ընդունվածներին տրվում է սահմանված չափի պետական կրթաթոշակ՝ ընդունման օրվանից: