(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Autodesk-ի գործընկերություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 2021 թվականից համագործակցում է ճարտարապետության, շինարարության, դիզայնի և այլ ոլորտներում ծրագրակազմեր արտադրող համաշխարհային առաջատար Autodesk ընկերության հետ։

ՃՇՀԱՀ-ն Հայաստանում Autodesk ընկերության լիազորված ակադեմիական գործընկերն է (AAP-Authorized Academic Partner)՝ այդպիսով դառնալով Autodesk-ի ուսումնական գործընկերների համայնքի անդամ: Համագործակցության շրջանակում ՃՇՀԱՀ-ում Autodesk-ի ծրագրակազմեր դասավանդող դասախոսները հավաստագրվել և ընդունվել են ընկերության կողմից՝ որպես բարձրակարգ մասնագետներ։

Համագործակցելով ՃՇՀԱՀ-ի հետ որպես Լիազորված ակադեմիական գործընկերոջ՝  Autodesk ընկերությունն ընդունում է, որ ՃՇՀԱՀ-ում իրականացվում են Autodesk-ի ծրագրակազմերի  բարձրակարգ դասընթացներ և աջակցում է համալսարանին, որպեսզի դասընթացները մշտապես համապատասխանեն Autodesk-ի սահմանած գերազանցության չափանիշներին։

ՃՇՀԱՀ-ում ուսանողները և մասնագետները կարող են մասնակցել Autodesk-ի ծրագրակազմերի հավաստագրման քննություններին նախապատրաստական դասընթացների և հանձնել հավաստագրման քննություններ՝ ձեռք բերելով իրենց գիտելիքները և հմտությունները հավաստող միջազգայնորեն ճանաչելի հավաստագիր։

Համալսարանում դասավանդվող Autodesk ծրագրակազմերի դասընթացներին մասնակցող բարձր առաջադիմությամբ ուսանողները հնարավորություն  ունենան գրանցվելու Autodesk-ի տրամադրած հարթակում (TES, Training Evaluation System) և ստանալու Autodesk-ի պաշտոնական հավաստագրեր՝ անհատականացման համարներով։

ՃՇՀԱՀ-ում ներկայումս դասավանդվում են Autodesk-ի Revit, AutoCAD, 3dsMax, Civil 3D և Maya ծրագրակազմերը։

ՃՇՀԱՀ ռազմավարական նպատակներից է կրթական ծրագրերը համալրել զարգացման արդի միտումներին համապատասխանող տեխնոլոգիական բաղադրիչներով։

Autodesk-ը հիմնադրվել է 1982թ․։ Միջազգային ճանաչում ստացել է AutoCAD ծրագրակազմի շնորհիվ։ Եթե սկզբնապես AutoCAD-ը և Revit-ը կիրառվում էին ճարտարապետության և շինարարության ոլորտներում, ապա հետագայում այդ ծրագրակազմերի կիրառման շրջանակն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև դիզայնի ոլորտը։ Ներկայումս Autodesk-ը արդյունաբերական և քաղաքացիական շինարարության, մեքենաշինության, տեղեկատվական և մեդիա ոլորտների համար ծրագրային ապահովում իրականացնող աշխարհի խոշորագույն կազմակերպություններից է։