(010) 303-300

Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS)

Երկրատեղեկատվական համակարգերը (Geoinformation systems) ստեղծված են բոլոր տեսակի աշխարհագրական տվյալները հավաքելու, պահպանելու, վերլուծելու և դրանք ցուցադրելու համար։ Այլ կերպ կարող ենք ասել, որ ԵՏՀ (GIS) համակարգերը քարտեզագրության, ստատիկ վերլուծության և տվյալների բազայի միաձուլում է։

Ներկայումս մի շարք երկրներում երկրատեղեկատվական տեխնոլոգիաները և համակարգերը լայն տարածում են ստացել, որպես համակողմանի ինտեգրացված տեղեկատվա-տեխնոլոգիական արտադրանք:

Ընդհանուր առմամբ այս տերմինն օգտագործվում է ցանկացած տեղեկատվական համակարգի համար, որը պահպանում, ձևափոխում, վերլուծում, փոխանցում և ցուցադրում է աշխարհագրական տեղեկություններ՝ որոշում կայացնելու համար։

Լայն իմաստով երկրատեղեկատվական համակարգեր հասկացության մեջ են մտնում բազմաթիվ  ծրագրային փաթեթներ ու սարքավորումներ, լուսանկարահանող սարքեր, չափագրման գործիքներ, թռչող սարքեր և այլն։

Այնուամենայնիվ, ԵՏՀ տերմինն հիմնականում օգտագործվում է ավելի նեղ իմաստով՝ ԵՏՀ (GIS) գործիք կամ համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս հետազոտել, ձևափոխել և փնտրել թվային քարտեզներ, ինչպես նաև հավելյալ տեղեկություններ իմանալ օբյեկտների հատկանիշների մասին։

ՃՇՀԱՀ-ի Երկրատեղեկատվական կամ Աշխարհագրական տեղեկատվական  համակարգեր  (ԵՏՀ, ԱՏՀ) կրթական ծրագրի սահմաններում ուսանողները կուսումնասիրեն ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներ, որոնք ունեն տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծության և գրաֆիկական արտապատկերման հնարավորություններ: Դրանք իրենց մեջ ներառում են տվյալների բազայի հետ աշխատող համակարգեր, ռաստերային և վեկտորային պատկերների խմբագրող ծրագրեր, ինչպես նաև վերլուծական մի շարք գործիքներ։

Երկրատեղեկատվական համակարգերը կիրառվում են մի շարք բնագավառներում՝ գեոդեզիայի, քարտեզագրության, շինարարության,  երկրաբանության, պաշտպանության, տնտեսագիտության, քաղաքային կառավարման և այլն։

  ԵՏՀ (GIS) համակարգերն ըստ տարածքային դասակարգման լինում են.

  1. միջազգային (global GIS),
  2. մայրցամաքային,
  3. ազգային (պետական),
  4. տարածաշրջանային (regional GIS),
  5. տեղային (local GIS)։

ԵՏՀ-Ի ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

ԵՏՀ-ը լայն կիրառում ունեն մի շարք բնագավառներում: Դրա կիրառությունը համեմատաբար ավելի մեծ է.

  • տրանսպորտի բնագավառում,
  • ջրային տնտեսությունում,
  • գյուղատնտեսության ոլորտում,
  • քաղաքաշինական կադաստրում,
  • զբոսաշրջության ոլորտում,
  • անշարժ գույքի շուկայի բնագավառում սոցիալ-տնտեսական ոլորտը,
  • տնտեսության և ֆինանսների բնագավառը,
  • բնապահպանության, ռեսուրսների և բնօգտագործման ոլորտները,
  • էներգետիկայի ոլորտը,
  • արդյունաբերության ոլորտը,
  • կոմունալ տնտեսության ոլորտը,
  • գյուղատնտեսության բնագավառը,
  • առողջապահության, կրթության և մշակույթի բնագավառները,
  • պաշտպանության և անվտանգության ոլորտը.
  • սոցիալ-քաղաքական ոլորտը,
  • քաղաքական ընտրական գործընթացները: