(010) 303-300

ՈՒԴԻՆԵԻ ԳԵՂԵՑԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ՄԵԶ ՀՅՈՒՐ

Իտալիայի Ուդինեի համալսարանից մեզ մոտ հյուրընկալված յուրաքանչյուր պատվիրակ արժանանում է ջերմ ու բարեկամական ընդունելության: Եվ դա պատահական չէ, ինչպես իտալացիներն իրենք են սիրում հաճախ ասել, բացի ակադեմիական կապերից, մեզ կապում է նաև ընդհանուր մտածելակերպն ու ջերմությունը:

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էին Ուդինեի համալսարանի միջազգային բաժնի աշխատակցուհիներ Սառա Դի Ստեֆանոն և Կլաուդիա Կորադոն: Այս տարվա ամռանը, Էրազմուս+ ծրագրի շրջանակում՝ 2 համալսարանները վավերացրեցին «Ուսանողների փոխանակման մասին» համաձայնագիրը, և իտալական համալսարանի պատվիրակությունը ժամանել էր՝ տեսնելու և գնահատելու այն աշխատանքները, որոնք իրականացվում են կրթության և հետազոտության ոլորտներում՝ շինարարության և ճարտարապետության ուսումնական պլաններով 2 համալսարանների ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակում:

Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Գագիկ Գալստյանը նշեց, որ Ուդինեի համալսարանն առանձնահատուկ գործընկեր է՝ միշտ պատրաստ նոր ու համատեղ գաղափարների, նախագծերի մշակման և իրականացման:

Այն, որ մեր համալսարանները միմյանց յուրահատուկ ջերմությամբ են կապված, չհերքեց նաև Սառա Դի Ստեֆանոն: Նա հույս հայտնեց, որ ծրագիրն առավել կամրապնդի ուսանողների կապը, կնպաստի համատեղ հետազոտական աշխատանքների կազմակերպմանը, իսկ իրենք էլ միշտ ուրախ կլինեն Ուդինեում տեսնել մեր համալսարանականներին:

Ռեկտորի մոտ ընդունելությունից, նվերներով փոխանակվելուց հետո, իտալուհիները շրջայց կատարեցին համալսարանում, ապա, մեր ֆակուլտետի դեկանների և ամբոինների վարիչների հետ քննարկեցին և հստակեցրին ծրագրին առնչվող հարցեր:

21.11.19