(010) 303-300

ՇՆՈՐՀԱՎՈ’Ր ԾՆՈՒՆԴԴ, ՎԱՐՊԵ’Տ

ՀՀ ժողովրդական ու վաստակավոր նկարիչ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) հոբելյանն է:

Հրանտ Թադևոսյանը (Թաթոս) ծնվել է 1940 թ. ապրիլի 20-ին Շիրակի մարզում: Սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում։ 2008 թվականից դասավանդում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, համալսարանի պատվավոր պրոֆեսոր է: Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Գերմանիայում, Փարիզում, Ժնևում, Լոս Անջելեսում և այլուր: Արժանացել է «ՀՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական նկարիչ» կոչումներին: Հրանտ Թադևոսյանը գույների վարպետ է. իր կտավներում առկա են գունային յուրահատուկ ու հետաքրքիր լուծումներ: Կտավներից յուրաքանչյուրն ասես մի երփնավառ հեքիաթ լինի: Ինչպես մի առիթով բնորոշել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, «արվեստը հեքիաթ է, եթե հեքիաթը հետաքրքիր չէ, ես շարունակությունը չեմ ուզում լսել: Այդ իմաստով Թաթոսի հեքիաթը էնքան հետաքրքիր, գեղեցիկ, մաքուր ու բարի է, որ ուզում ես այն չվերջանա»:

Շնորհավորում ենք Հրանտ Թադևոսյանին տարեդարձի առթիվ՝ քաջառողջություն և երկար տարիների ստեղծագործական լի ու բեղուն կյանք մաղթելով, որ ապրի ու արարի` ստեղծելով այն հեքիաթային ու գունագեղ կտավները, որոնք յուրաքանչյուրիս հոգեհարազատ են: Նաև շնորհակալություն ենք հայտնում Վարպետին, որ կարողանում է իր թանկագին ժամանակը տրամադրել ուսանողներին՝ նպաստելով նրանց կրթությանն ու զարգացմանը:

20.04.21