Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Նորա Արմանին՝ մեր համալսարանին հյուր

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված կնոջ, ով իր լայնածավալ ու բազմաշերտ գործունեությամբ հայտնի է շատ երկրներում:

Եգիպտահայ ամերիկաբնակ դերասանուհի Նորա Արմանին մեր համալսարանում էր թեև պատահական, բայց հիացած ու հետագայում կրկին այցելելու ցանկությամբ:

Եգիպտոսում ծնված, Լոնդոնում և Միացյալ Նահանգներում կրթություն ստացած դերասանուհին հանդես է եկել Սիդնեյի, Լոնդոնի, Կահիրեի լավագույն թատրոններում, անգլիական BBC, եգիպտական TV և ամերիկյան CWTV հեռուստաընկերությունների հեռուստասերիալներում ու ֆիլմերում, Փարիզում հիմնադրել «Բարև» կինոընկերությունը, բեմադրել ներկայացումներ, նկարահանել ֆիլմեր: Նաև Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի պատվավոր անդամ է:

Տիկին Նորան մեր համալսարանում էր, սակայն, ոչ իր դերասանական կենսագրությունը ներկայացնելու կամ վարպետության դասեր տալու համար: Նա նաև հանդիսանում է ամերիկյան Arc/K Project ընկերության հեռահաղորդակցության բաժնի ղեկավարը, ընկերություն, որը զբաղվում է հին հուշարձանների թվային արխիվացմամբ, լուսանկարների և տեսաձայնագրությունների միջոցով դրանց վերականգնմամբ:

Մեր հայրենակցուհու հետ հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Գիտական գծով պրոռեկտոր Յուրի Սաֆարյանը, Ֆինանսական գծով պրոռեկտոր Մարինե Ղազարյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոնի Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի վարիչ Մարինա Բունիաթյանը:

Ռեկտոր Գալստյանը ողջունեց տիկին Արմանիին, նրա կապը Հայրենիքի հետ և հույս հայտնեց հետագա համագործակցության, որից հետո մեր հյուրը ներկայացրեց ընկերության գործունեությունն ու կատարած աշխատանքները: Ն. Արմանին, մասնավորապես, ներկայացրեց կործանված Պալմիրայի՝ լուսանկարների միջոցով վերականգնված պատկերը, թանգարաններ, մզկիթներ ու մի շարք այլ կառույցներ:

Ամերիկյան խոշոր ընկերության ձեռքբերումները, սակայն, մեր համալսարանի համար նորություն չէին: Մարինա Բունիաթյանը Նորա Արմանիի ուշադրությունը գրավեց Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցու և Երերույքի կիսավեր բազիլիկի վերակագնված եռաչափ պատկերներով՝ արված ՃՇՀԱՀ-ի եզակի 3D լազերային սկաների միջոցով:

Նորա Արմանին անկեղծորեն իր հիացմունքը հայտնեց մեր համալսարանի մասնագետների և նորարական ձեռքբերումների վերաբերյալ և նույնպես հետագայում համագործակցելու ցանկություն հայտնեց:

25.05.17

598  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր