(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «IRD Engineering» (Իտալիա) ընկերության միջև ստորագրված հուշագրի համաձայն` արդեն երկրորդ տարին է` անցկացվում է  Շինարարական ճարտարագիտության ամառային դպրոցը։

Ամառային դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ճանապարհաշինական միջազգային ծրագրերով սահմանված ընթացակարգերին ու ձեռք բերելու կիրառական գիտելիքներ։ Ամառային դպրոցի շրջանակում իրականացվող դասընթացների ձևաչափը հիբրիդային է. ներառում է և՛ դեմառդեմ, և՛ առցանց դասախոսություններ, ինչպես նաև պրակտիկաներ ՀՀ ՏԿԵ նախարարությունում ու շինարարական հրապարակում։

Մասնակիցներին ողջունեց ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը` նշելով, որ Շինարարական ճարտարագիտության ամառային դպրոցը հրաշալի առիթ է կիրառելու ձեռք բերած գիտելիքներն ու ստանալու նոր հմտություններ, որոնք մասնագիտական կայացման գործում կարող են ուղենշային դեր ունենալ։

Ողջունելով ամառային դպրոցի մասնակիցներին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրեց ճանապարհային ոլորտում պետական կառավարման գործընթացը, ընթացիկ ծրագրերն ու զարգացման ուղիները։ Իսկ «IRD Engineering» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալվարո Դիեզ Սանտակլարան ու գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոն, ողջունելով ամառային դպրոցի մասնակիցներին, կարևորեցին նախաձեռնության արդիականությունը և ներկայացրին  միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից ֆինանսավորվող ծրագրերի պայմանագրերի տեսակները, առանցքային դրույթները խորհրդատվական ծառայությունների մատուցման շրջանակում։

«IRD Engineering» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Տիգրան Մեսրոպյանը նշեց, որ դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ճանապարհաշինական ոլորտում միջազգային ծրագրերին, հանդիպելու միջազգային ու տեղական բարձր որակավորում ունեցող փորձագետների հետ, ձեռք բերելու կիրառական գիտելիքներ, փորձառություն շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, նախագծման իրականացման, կառավարման միջազգային ընթացակարգերի ոլորտում։  

20.07.22