ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ ԵՂԻԱԶԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

 Սիրելի՛ համալսարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սովորելը ոչ միայն պատիվ է, այլև պարտավորեցնող կոչում, որը, վստահ եմ, ստանձնելու եք մեծագույն պատասխանատվությամբ ու պատվով։ Մեր համալսարանի կամարների տակ ամփոփված է հայ ճարտարապետ-շինարարի հավաքական միտքը, որը յուրաքանչյուր սերնդի հետ մարմին է առնում նոր շնչով ու ձևերով: Աշխարհաքաղաքական զարգացումների այս բարդ իրավիճակում մենք կարևորվում ենք ազգային արժեհամակարգ ունեցող, հայրենասեր, կիրթ, լայնախոհ ու բանիմաց մասնագետներ ունենալը, որոնք սրտացավություն կունենան հայրենիքի հանդեպ: Մասնագիտական գիտելիքներով զինվելուն զուգընթաց՝ բուհում ձևավորվում է հայրենիքը շինողների ու շենացողների հերթական սերունդը, որը հայ ժողովրդի պատմաճարտարապետական ժառանգության անդավաճան կրողն է, տաղանդաշատ նախնիների գործի շարունակողը: Վստահ ենք, որ դուք ևս պատվով կանցնեք այդ ուղին։ Բուհի ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, բոլոր ստորաբաժանումները պատրաստ են իրենց բարդ ու նվիրյալ աշխատանքով ապահովելու ձեզ որակյալ կրթությամբ՝ զինելով ժամանակի պահանջներին համապատասխան մրցունակ գիտելիքներով ու հմտություններով։

Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է։ Կրթությունն էլ սոսկ գիտելիքի ձեռքբերում չէ․ այն նոր նվաճումների հիմք ու ուղի է։ Օրվա խորհուրդը պահպանելով՝ շնորհավորում եմ նաև կրթության ու գիտության բոլոր նվիրյալներին, մասնավորապես ՃՇՀԱՀ պրոֆեսորադասախոսական ողջ կազմին՝ մաղթելով հաջող ու արգասաբեր ուսումնական տարի ու գիտահետազոտական արդյունավետ գործունեություն։

Բարի երթ և բարի գալուստ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, սիրելի՛ առաջինկուրսեցիներ, արդյունավետ ուսումնառություն, բազում ձեռքբերումներ եմ մաղթում մեր բոլոր ուսանողներին։

Գիտելիքը ուժ է, իսկ գիտելիքի ձեռքբերման ձգտումը՝ գերագույն արժեք։ Հաղորդակից լինենք այդ մեծագույն արժեքին՝ շենացնելով ու զարգացնելով մեր հայրենիքը։

 205 просмотров всего,  1 просмотров сегодня

01.09.22

 206 просмотров всего,  2 просмотров сегодня