ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՍԿ ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԻԿՆԻԿԱԳՈՐԾԻՆ

Մի պահ պատկերացրեք՝ Քաջ Նազարը, Դոն Կիխոտը և արքայադուստրը միասին: Չե՞ք հավատում: Ուրեմն՝ դեռ չեք տեսել մեր համալսարանի Որակի ապահովման կենտրոնի գլխավոր մասնագետ Իրինա Վանյանի պատրաստած տիկնիկները:

Իր նախասիրության մասին պատմել Իրինա Վանյանը չէր ուզում: Մի փոքր երկմտում էր՝ դասախոս է, արդյո՞ք անհարմար չէ: Բայց, կարճ զրույցից հետո, սիրելի թեման ամբողջությամբ կլանեց և տեղափոխեց իր ստեղծագործական աշխարհը՝ տիկնիկների մոլորակը:

Ձեռագործ տիկնիկների նկատմամբ սերը ձևավորվել է դեռ մանկուց: Հիշում է՝ «մայրիկիս զգեստն էի կտրում, որպեսզի ծեփոնե տիկնիկիս համար հագուստ կարեի»: Այդպես, տարիների ընթացքում, նախասիրությունը վերածվեց գործունեության:       Հետո, հեքիաթների՝ իրար հաջորդող կերպարներ, կողք-կողքի համերաշխ ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներ, փոքրերին ուրախացնող փափլիկ կարմրաթուշիկներ, ցուցահանդեսներ:

Այս հեքիաթային եռուզեռի մեջ մի կարևոր սկզբունք կա, որն իմ տիկնիկագործ հերոսը երբեք չի խախտում: Ասում է՝ եթե ուզում ես տիկնիկը հաջողություն բերի, պետք է այն նվիրես: Նվիրում է բոլոր նրանց, ովքեր հիանում են, ովքեր հոգով դեռ փոքր են, ում համար ինտերիերային տիկնիկները արվեստի նմուշ են:

Տիկնիկները տարբեր թեմատիկայով են, ամենատարբեր ցուցահանդեսների համար՝ հին հայկականից միչև արծաթե դարաշրջանի նորաձևություն: Կենդանացրել է նաև Բոմարշեի «ֆիգարոյի ամուսնությունը» կատակերգության հերոսներին:

Իրինա Վանյանի ձեռքերում տիկնիկների է վերածվում ցանկացած նյութ, լինի դա կավ, կտոր, թել, թուղթ և, նույնիսկ թափոն:

Այս պահին իսպանական հերոսներին մարմնավորած տիկնիկները ճամփա են ընկել դեպի Վալնեսիա՝ հայ-իսպանական բարեկամության կենտրոնում իրենց «ցուցադրելու»:

Իսկ Երևան քաղաքի պատմության թանգարանում բոլոր տիկնիկասերները, մինչև մարտի 5-ը, կարող են հիանալ ամանորյա կախարդական գիշերվա հանդերձանքով  «Ձմեռային հեքիաթ» ցուցահանդեսի տիկնիկներով:

 3,571 просмотров всего,  1 просмотров сегодня

25.12.18

 3,572 просмотров всего,  2 просмотров сегодня