Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցում առաջին անգամ անցկացվեց «Մաթեմատիկա» առարկայից վիկտորինա: Մրցույթին մասնակցում էին «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ճարտարապետություն» և «Ֆիզմաթ» հոսքերի 10-րդ դասարանի աշակերտներից կազմված 5 թիմեր: Վիկորինան ընթացավ երկու փուլով, թիմերը լուծեցին հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ, պատասխանեցին մրցակից թիմերի և ժյուրիի անդամների հարցերին: Ժյուրիի քվեարկության արդյունքում առաջին պատվավոր մրցանակը ստացավ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հոսքի թիմը, երկրորդ տեղը միավորների հավասարության պատճառով կիսեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»և «Ֆիզմաթ» հոսքերի թիմերը, իսկ երրորդ տեղը գրավեց՝ «Ճարտարապետություն» հոսքի թիմը:
Դպրոցի տնօրեն Վահրամ Սիմոնյանը ողջունեց նախաձեռնությունը և իր խոսքում նշեց, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական և առաջիկայում կանցկացվեն նաև այլ առարկաներից: