(010) 303-300

«ՆԿԱՐԻՐ ԻՆՁ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Ուսանողների միջազգային օրվա և ՄԱԿ-ի՝ Գիտությանը և խաղաղությանը նվիրված շաբաթվա շրջանակում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը (ՖՀԳ-ԿԱԵՏԳ) հայտարարում է «Նկարիր ինձ խաղաղությունը» տարածաշրջանային տեսողական ստեղծագործության մրցույթը։

2026 թվականի նոյեմբերի 9-22-ն անցկացվող մրցույթը հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի ուսանողներին գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով արտահայտելու խաղաղության վերաբերյալ իրենց պատկերացումները, հույսերն ու մտորումները՝ արվեստը դարձնելով համերաշխության և փոխըմբռնման յուրօրինակ կամուրջ։

Մրցույթին կարող են մասնակցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ՖՀԳ անդամ համալսարանների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։

Մասնակիցները կարող են ներկայացնել ազատ թվային տեսողական ստեղծագործություն՝ A4 ձևաչափով, մեկ էջի վրա՝ պաստառ, նկարազարդում, կոմիքս, ինֆոգրաֆիկա, կոլաժ, լուսանկար կամ այլ ստեղծագործական աշխատանք՝ համապատասխան վերնագրով։

Մրցույթի հնարավոր թեմատիկ ուղղություններն են՝ հակամարտությունների խաղաղ կարգավորում և միջազգային համերաշխություն, սոցիալական խաղաղություն և համատեղ գոյակցություն, բնապահպանական խաղաղություն, ներքին խաղաղություն և հոգեկան առողջություն։

Մասնակցության համար անհրաժեշտ է ստեղծագործական աշխատանքը և 2026-2027 ուսումնական տարվա ուսանողական տոմսը կամ ուսման մասին տեղեկանքը՝ ֆրանսերեն թարգմանությամբ, ուղարկել մինչև նոյեմբերի 22-ը՝ ժամը 23:59-ը (Ռումինիայի ժամանակով)։

Մրցույթի ժյուրին կընտրի լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները կարժանանան ՖՀԳ-ի սահմանած հատուկ մրցանակների։ Ընտրված ստեղծագործությունները կհրապարակվեն նաև ՖՀԳ-ԿԱԵՏԳ-ի ֆեյսբուքյան էջում և ՖՀԳ-ի պաշտոնական կայքում։

Մրցույթի մասնակցության պայմաններին, ստեղծագործությունների ներկայացման կարգին և գնահատման չափանիշներին ծանոթանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ամբողջական կանոնակարգը։

Մանրամասները՝ «Dessine-moi la paix !» : Concours régional de création visuelle — AUF⁠:

18.11.26