Լիտվացի պատմաբան և արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցույթն, արդեն ավանդաբար, անցկացվում է 4-րդ տարին անընդմեջ: Այս տարի միակ խոչընդոտը, թերևս, նախագծերի ներկայացման, քննարկման ու հանձնաժողովի աշխատանքի հեռավար եղանակն էր:
Նշենք, որ Բալտրուշայտիսի անվան մրցույթի մեկնարկը տրվել է դեռևս 2017թ-ին՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի և «Մեդիամաքս» լրատվական գործակալության համատեղ ջանքերով:
«Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» անվանակարգով մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է Ճարտարապետության ֆակուլտետի՝ տարվա լավագույն ավարտական աշխատանքի հեղինակին:
Այսօր մրցույթի ավարտական փուլն ու մրցանակաբաշխությունն էր, որին տեսակապով մասնակցում էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ՙՊետրոս Ալոյան՚ հիմնադրամի տնօրեն Հայկ Ալոյանը, ՃՇՀԱՀ պրոռեկտորները, Ճարտարապետության ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը և մրցույթի ավարտական փուլ անցած ուսանողները:
Փոխադարձ ողջույններից հետո, որի բովանդակության թիրախում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգության վտանգված կամ կորսված լինելու ցավոտ ու խիստ արդիական հանգամանքն էր, հիշատակվեց Յուրգիս Բալտրուշայտիսի հայանպաստ գործունեության մասին, մասնավորապես, 2015թ-ի դեկտեմբերին Մատենադարանի նիստերի դահլիճում կայացած ՙՋուղան Արաքս գետի ափին և նրա հուղարկավորության հուշարձանները՚ Էսսեի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը կազմակերպումը և անցկացումը կրկին ՀՀ-ում Լիտվայի դեսպանության և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համատեղ աշխատանքի արդյունք էր:
Այսպիսով՝ մրցույթի ավարտական փուլում, Բալտրուշայտիսի անվան մրցանակի համար պայքարում էին Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Անի Հարությունյունը, Աննա Քարամյանը և Վահրամ Աղաջանյանը: Այս տարի մրցանակի հավակնորդների ավարտական նախագծերի թեման Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան մայրավանքի վերականգնումն էր՝ նոր շինությունների ինտեգրման պայմաններում:
Հանձնաժողովի անդամները՝ Մկրտիչ Մինասյանի նախագահությամբ, քննարկումներից հետո որոշեցին հաղթող ուսանողին: Բալտրուշայտիսի անվան մրցանակակիրն այս տարի Աննա Քարամյանն է, իսկ հաղթողի մրցանակն, ավանդաբար, մագիստրատուրայի վերջին կուրսի 2-րդ կիսամյակի վարձավճարի լիարժեք վճարումը: