Զինվորը բոլորիս ընտանիքի անդամն է, ով մշտապես մեր հոգածության և աջակցման կարիքն ունի: Երևանի պետական բժշկական համալսարանի նախաձեռնած վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոնի ստեղծման նպատակը զինվորներին ժամանակին և հավուր պատշաճի բուժծառայություն մատուցելն է: Արդեն գործող բաժանմունքը բազմաֆունկցիոնալ, անհրաժեշտ տեխնիկայով հագեցած կենտրոնի վերածելու գործին լծվել են բոլորը:
Այդ առթիվ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը զինվորներին մարտի 8-յան բացիկներ է պատվիրել, որոնցից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է վերականգնողական կենտրոնին:
Այս կարևորագույն նախաձեռնությունից անմասն չի մնացել նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Ռեկտոր Գագիկ Գալստյանի հանձնարարակով Բժշկական համալսարանի «Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից» նախագծին իր ամբողջ ներուժով միացավ նաև մեր համալսարանը:
Ի դեպ, երկու բուհերի ղեկավարները որոշել են ամրապնդել միջբուհական համագործակցությունը, այս նախագծի շրջանակներում, մասնավորապես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների ձեռքով նկարված 90-ից ավելի նկարներ փոխանցվել են բժշկական համալսարանին՝ հետագայում ցուցահանդես վաճառք կազմակերպելու նպատակով, և վաճառքից ստացված ողջ գումարը նույնպես կփոխանցվի զինծառայողների վերականգնողական կենտրոնին:
Նշենք նաև, որ կենտրոնի վերականգնման և վերանորոգման աշխատանքները վստահված են հենց մեր համալսարանին: Արդեն մոտ ապագայում մեր համալսարանի մասնագետները կգնահատեն շենքի վիճակը և կձեռնարկեն կենտրոնի վերականգնողական աշխատանքները: