(010) 303-300

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԻՏՈՒՄՈՎ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը խորհրդակցության էր հրավիրել համալսարանի ամբիոնների վարիչներին: Հանդիպում-քննարկումը մեկնարկեց բարի լուրով, ըստ որի, ամանորյա տոների առթիվ, համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմը կստանա պարգևավճար՝ աշխատավարձի 42%-ի չափով: Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին համալսարանի կառուցվածքին, հաստիքացուցակին, կադրերին և ֆինանսներին, ուսումնական պրոցեսին ու գիտությանը վերաբերող առաջարկները և նախատեսված փոփոխությունները: Անդրադառնալով համալսարանի կառուցվածքային փոփոխություններին՝ պարոն Վարդանյանը, վկայակոչելով Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի դրույթները, նշեց, որ վերոնշյալ կառուցվածքային ու կադրային փոփոխությունները հետապնդում են ոչ թե տնտեսման, այլ կրթության արդյունավետության բարձրացման միտում: Այս համատեքստում՝ ներկայացվեց համալսարանի՝ նորացված կառուցվածքի նախագիծը, պրոռեկտորների ենթակայության տակ գտնվող միավորները և վերջիններիս գործառույթները: Ինչ վերաբերում է ուսումնական գործընթացին, այստեղ Եղիազար Վարդանյանն առանցքային համարեց մոդուլային ուսուցմանն անցնելու հեռանկարը, ինչը ենթադրում է ուսումնական պլանում պարտադիր և ընտրությամբ առարկաների ներառումը և ճկուն, ոչ ֆիքսված վարձավճարը: Բուռն քննարկման արժանացան, հատկապես, ուսումնական առարկայական ծրագրերի վերանայման, ինչպես նաև պրակտիկաների կազմակերպման հարցերը: Ներկաներից գրեթե բոլորը համաձայնեցին, որ կարիք է զգացվում առարկաներն առավել նպատակային, մասնագիտությանը համահունչ դարձնելը և ուսումնական պրակտիկաները, նվազագույնը, 3 ամսով երկարաձգելը: Խորհրդակցության ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ կառուցողական քննարկումները դարձնել շարունակական՝ հնարավորություն ընձեռելով ֆակուլտետների և ամբիոնների ղեկավարներին բարձրաձայնել բուհում առկա խնդրահարույց ու հրատապ լուծում պահանջող խնդիրները:

23.12.19