Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հյուրընկալեցինք ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Դեսպանի այցի նպատակն ինչպես ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանի հետ ծանոթությունն էր, այնպես էլ ներկա և ապագա ծրագրերի քննարկումը: Հանդիպմանը ներկա էին նաև համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Փոխադարձ ողջույններից հետո՝ դեսպանը վերահաստատեց այն բոլոր հեռահար ծրագրերը, որոնք արդեն իսկ ուրվագծված և ենթակա են իրականացման: Վինչենցո Դել Մոնակոն հավաստիացրեց, որ հայ-իտալական թե’ ակադեմիական, թե’ գիտական կապերը կշարունակվեն զարգանալ և ընդլայնվել:
Իր հերթին՝ Եղիազար Վարդանյանն ընդգծեց այն կարևոր հանգամանքը, որ մեր համալսարանի և իտալական մի շարք բարձրակարգ արվեստի, ճարտարապետական համալսարանների հետ համագործակցությունը, կրթական ու մշակութային համատեղ նախագծերի անցկացումը երկար տարիների կենսագրություն ունի և հույս հայտնեց, որ այդ համագործակցության արգասաբեր շարունակականության համար համալսարանը կօգտագործի բոլոր օղակները:
Հանդիպմանը դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ցանկություն հայտնեց 2020թ-ին նույնպես Իտալիայի դիզայնի և ճարտարապետության օրերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացնելու մասին՝ վկայակոչելով այս տարվա հաջող նախադեպը: Դեսպանը հավելեց, որ այդ օրերին նախատեսված է լուսային էֆֆեկտների հայտնի մասնագետ Ֆրանց Չեռամի և Նեապոլի Սուոր Օրսոլա Բենինկասա համալսարանի պրոֆեսորների այցը մեր համալսարան, ինչպես նաև վերոնշյալ համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի և մեր համալսարանի միջև համագործակցության պայմանագրի կնքումը: Ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը հավանություն տվեց դեսպանի առաջարկին՝ նշելով, որ Իտալիայի դիզայնի և ճարտարապետության օրերին իրենց նախագծերով ակտիվ մասնակցություն կունենան նաև մեր ուսանողները:
Հետագա ծրագրերի մասին խոսելիս՝ պարոն Վարդանյանը, համալսարանի անունից, դիմեց դեսպանին՝ համալսարանում իտալերեն լեզվի կուրսեր անցկացնելուն, ինչպես նաև իտալական ROCHEMP ծրագրին ՃՇՀԱՀ-ի դերն ու մասնակցությունն ընդլայնելուն աջակցելու նպատակով: