ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնը կազմակերպել էր քայլարշավ՝ Հաղպատավանք — Կայանբերդ(Դսեվանք) — Սանահինի վանք երթուղով, որի տարածությունը մոտ 10 կմ էր:
Քայլարշավի ընթացքում ուսանողներն ու դասախոսները տեսան անտառապատ բարձունքներ, թավշյա մարգագետիններ, անդնդախոր կիրճեր, միջնադարյան մշակութային և պատմական հուշարձաններ: Սկզբում նրանք այցելեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցուցակում ընդգրկված Հաղպատավանք, որը 10-13-րդ դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր: Այնուհետև թեթև քայլքով, անտառի կածանով հասան բարձունքի վրա կառուցված, բայց այժմ ավերակ Կայանբերդ(Դսեվանք), իսկ հետո քայլեցին դեպի Սանահինի վանք (10-13դդ):
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչի ժ/պ Հակոբ Բադալյանի խոսքերով, ապահոված էր բոլոր պայմանները մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով և ապագայում նախատեսում է պարբերաբար կազմակերպել քայլարշավներ, ամիսը 1-2 անգամ: Նրա խոսքով այս քայլարշավների նպատակն է ուսանողների և դասախոսների առողջ ապրելակերպի վարումը, դասախոս-ուսանող հարաբերությունների ամրապնդումը, ուսանողների համար ժամանցի ապահովումը, բնությանը ավելի մոտ գտնվելը և ՀՀ պատմամշակութային կառույցներին ծանոթացումը: