Ծխելու դեմ պայքարի ազգային օրվա շրջանակում ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում կազմակերպվել են ծխախոտի օգտագործման կանխարգելմանն ուղղված իրազեկման միջոցառումներ՝ աշակերտների շրջանում առողջության պահպանման կարևորության, ծխախոտի վնասակար հետևանքների և առողջ ապրելակերպի գիտակցված ընտրության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
Միջոցառմանը ներկա էին Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Ալօրայֆան, ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժնի ղեկավար Տաթևիկ Մարգարյանը, ՀՀ թիվ 4 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Իրինա Յաղուբյանը և կենտրոնի այլ աշխատակիցներ, ինչպես նաև ՃՇՀԱՀ միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ելենա Գրիգորյանը։
Միջոցառումների ընթացքում ներկայացվել է «Վերջին մենամարտ» խորագրով թատերական ներկայացումը, որն անդրադարձել է ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացող առողջական խնդիրներին, վնասակար սովորությունների ազդեցությանը մարդու կյանքի որակի, նպատակների և ապագայի վրա։ Ներկայացման միջոցով աշակերտներին փոխանցվել է կարևոր ուղերձ՝ սեփական առողջության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի և ճիշտ ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին։
Իրազեկման աշխատանքների շրջանակում աշակերտներին տրամադրվել են տեղեկատվական թերթիկներ, անցկացվել են թեմատիկ զրույցներ, ինչպես նաև ձևավորվել է ծխախոտի դեմ պայքարին նվիրված անկյուն, որտեղ ներկայացվել են խնդրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ և կանխարգելիչ ուղերձներ։
Նախագիծը ղեկավարել է դպրոցի հոգեբան Էլզա Մանուկյանը՝ կարևորելով դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումը, վնասակար սովորությունների կանխարգելումը և սեփական որոշումների հետևանքները գիտակցելու կարողության զարգացումը։
Նախաձեռնության առանցքում այն գաղափարն է, որ ծխախոտի դեմ պայքարը միայն վնասակար սովորությունից հրաժարվելու կոչ չէ, այլև մարդու առողջությունը, երազանքներն ու ապագան պաշտպանելու գիտակցված ընտրություն։ Այս ուղղությամբ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ՝ նպաստելով աշակերտների իրազեկվածության բարձրացմանը և առողջ, պատասխանատու ու անվտանգ վարքագծի ձևավորմանը։