Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտներում բարձրագույն կրթության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնության պաշտոնական մեկնարկի և ստորագրման արարողությանը ներկա էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները՝ աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը և Որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը։
«Կայուն էներգետիկա Հայաստանի կլիմայական փոփոխություններին դիմակայուն համայնքային զարգացման համար» (SE4Resilience) ծրագիրը նպատակ ունի նպաստելու Հայաստանի էներգետիկ կայունության ամրապնդմանը, էներգետիկ աղքատության նվազեցմանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության և անկախության բարձրացմանը։
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է արդիականացնել վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտների բուհական կրթական ծրագրերը, զարգացնել համագործակցությունը գերմանական համալսարանների հետ և նպաստել ոլորտի համար որակյալ մասնագետների պատրաստմանը։
Ծրագիրը միավորում է IIE, ՀԱՊՀ (NPUA), ՃՇՀԱՀ (NUACA) և ՀԱԱՀ (ANAU) կոնսորցիումի անդամներին ու eclareon կազմակերպությանը՝ ձևավորելով կրթության, միջազգային համագործակցության և կայուն զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքի նոր հնարավորություններ։
Ծրագրի կարևոր ուղղություններից է նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգաարդյունավետության լուծումների ներդրման խթանումը տնային տնտեսություններում և հանրային նշանակության շենքերում, այդ թվում՝ մանկապարտեզներում ու համայնքային կենտրոններում։
SE4Resilience ծրագիրը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։
Նախաձեռնությունը նոր հնարավորություններ կստեղծի կրթական ծրագրերի արդիականացման, միջազգային գործընկերության ամրապնդման և Հայաստանի կանաչ ու կայուն ապագայի կերտման գործում։