(010) 303-300

ՃՇՀԱՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը՝ խորհրդի նախագահ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ։

Հոգաբարձուների խորհրդի հագեցած նիստում հավանության արժանացավ համալսարանի ակադեմիական կազմի վարձատրության մեկ ժամի արժեքը մինչև 82%-ով բարձրացնելու վերաբերյալ ռեկտոր Մանուկ Բարսեղյանի ներկայացրած Գիտական խորհրդի որոշումը։
Կարևորելով լաբորատոր ռեսուրսների շարունակական համալրումը՝ խորհրդի քննարկմանն է ներկայացվել բետոնի եռաչափ (3D) տպիչի գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծման նախագիծը, որը ևս արժանացել է հավանության։

Նիստի ընթացքում քննարկվել և հավանություն է տրվել նաև «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կանոնադրության նոր խմբագրությանը։ Բացի այդ, հաստատվել է համալսարանի առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարական ծրագիրը, որը մշակվել է՝ հիմք ընդունելով «Բարձրագույնկրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, ինչպես նաև ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ. ռազմավարությունը։

16.10.26