(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Այսօր Աղվերանում մեկնարկել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից կազմակերպվող «Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» (ICAHCA) խորագրով միջազգային 4-րդ գիտաժողովը։

Գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը՝ ընդգծելով նման ձևաչափով մասնագիտական երկխոսության և փորձի փոխանակման կարևորությունը։

Իր խոսքում ռեկտորը նշել է, որ գիտաժողովի առանցքում ճարտարապետության երկու փոխկապակցված թեմաներն են՝ ժառանգության պահպանումը և ներկա ու ապագա սերունդների համար որակյալ միջավայրի ստեղծումը։ Նա ընդգծել է, որ ճարտարապետությունն արտահայտում է ժողովրդի պատմական հիշողությունը, մշակութային ինքնությունն ու ազգային կերպարը, իսկ ժառանգության պահպանությունը ենթադրում է անցյալի արժեքների ճանաչում, խնամք և դրանց պատշաճ ներգրավում ժամանակակից կյանքում։

Գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջունել են նաև Իտալիայի մշակույթի նախարարության Կենտրոնական վերականգնման ինստիտուտի (ICR) տնօրեն Լուիջի Օլիվան և Ռաբ-ի Ռաշիդի գիտական, մշակութային և պատմական համալիրի տնօրեն Մոհամմադ Ալի Քեյնեջադը։

Ծրագրի առաջին օրվա մասնագիտական քննարկումները ներառել են ճարտարապետական ժառանգության պահպանությանն ու ուսումնասիրմանը, պատմական քաղաքային լանդշաֆտների վերաիմաստավորմանը, մշակութային ժառանգության փաստագրման և թվային վերակառուցման ժամանակակից մեթոդներին վերաբերող թեմաներ։

Առանձին անդրադարձ է կատարվել ժամանակակից VR տեխնոլոգիաների կիրառմանը Ռաբ-ի Ռաշիդիի փաստագրման, թվային վերակառուցման և մեկնաբանման գործընթացներում։

Այս գիտաժողովը համախմբում է տարբեր երկրների մասնագետների, գիտնականների, հետազոտողների և ոլորտի ներկայացուցիչների՝ ստեղծելով մասնագիտական փորձի փոխանակման և ճարտարապետական ժառանգության պահպանության ու ժամանակակից ճարտարապետության զարգացման արդի խնդիրների քննարկման հարթակ։ 

08.10.26