ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախաձեռնությամբ օրերս Հայաստան էր այցելել Մելբուրնի թագավորական տեխնոլոգիական համալսարանի (RMIT) Կիբերանվտանգության հետազոտությունների և նորարարության կենտրոնի տնօրեն Մեթյու Ուորենը։
Այցի շրջանակում Մեթյու Ուորենը այցելեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, որտեղ իրականացավ հանդիպում համալսարանի ղեկավար կազմի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայաստանյան և միջազգային գիտակրթական միջավայրում համագործակցության զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես հետազոտությունների և նորարարական ծրագրերի իրականացման ուղղություններով։
Հանդիպման շրջանակում կողմերը ներկայացրին իրենց համալսարանների գործունեության հիմնական ուղղությունները, որից հետո ծավալվեցին քննարկումներ հնարավոր համագործակցության հեռանկարների շուրջ։ Զրույցների առանցքում էին ճարտարապետության և շինարարության ոլորտները՝ շինարարության գործընթացներում արհեստական բանականության կիրառման կարևոր ընդգծմամբ, ինչպես նաև դիզայնի և նախագծերի կառավարման ոլորտների հարցերը։
Քննարկվեց նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացումը, «Էրազմուս+» միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում համագործակցության զարգացումը, կադրերի վերապատրաստման և համատեղ կրթական ծրագրերի ներդրման հնարավորությունները։
Հանդիպումը կարևոր քայլ էր ՃՇՀԱՀ-ի միջազգային գործընկերային կապերի ընդլայնման և առաջատար արտասահմանյան համալսարանների հետ արդյունավետ համագործակցության ամրապնդման տեսանկյունից։