Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ/GIS)» միջազգային օրվան նվիրված աշխատաժողով: Միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը, «Երևան նախագիծ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Սեդոյանը, ներկայացուցիչներ՝ Երևանի քաղաքապետարանից, Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ ՏԿԵ նախարարությունից, Շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Առողջապահության նախարարությունից, Ներքին գործերի նախարարությունից, ՀՀ վիճակագրական կոմիտեից, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, ինչպես նաև ՃՇՀԱՀ դասախոսներ, ուսանողներ, ոլորտի մասնագետներ և հյուրեր:
Աշխատաժողովը մեկնարկեց ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանի ողջույնի խոսքով. «Հարգելի՛ գործընկերներ, ներկաներ, շնորհավորում եմ Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի միջազգային օրվա առթիվ: Այսօր ամբողջ աշխարհում կարևորում են ԱՏՀ-ի կիրառումը տարբեր ոլորտներում: Հպարտությամբ նշում եմ, որ մեր համալսարանում ԱՏՀ-ն արդեն օգտագործվում են շինարարության, ճարտարապետության և այլ ոլորտներում՝ ձեռք բերելով գիտահետազոտական հաջողված արդյունքներ: Մենք շարունակում ենք աջակցել ուսանողներին և երիտասարդներին՝ ներքին դրամաշնորհներով խթանելով նրանց մասնակցությունը, ինչպես նաև ակտիվորեն զարգացնում ենք կրթական ծրագրերը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային ընթացք և կցանկանայի, որ հաջորդ անգամ այս ուղղությամբ լինի գիտաժողով և ներկայացվող աշխատանքները նաև իրենց մեջ պարունակեն հետազոտական և գիտական նորույթներ, ինչի համար համալսարանը ևս կխրախուսի»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը. «Կադաստրի կոմիտեի անունից ողջունում եմ Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի միջազգային օրվան նվիրված այս աշխատաժողովը: ԱՏՀ-ի ներդրումը ամբողջ աշխարհում և մեր երկրում կարևորվում է՝ լիովին անհրաժեշտ ամբողջական տեղեկատվական համակարգերի ստեղծման համար: Կոմիտեն մշտապես զարգացնում է աշխարհագրական տվյալների ինտեգրումը և ապահովում դրանց ընդհանուր հասանելիությունը՝ նորարական գործիքների միջոցով աջակցելով պետական կառավարման ճշգրիտ որոշումների կայացման սկզբունքին»:
Ողջույնի ելույթով հանդես եկավ նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը. «Ողջունում եմ Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի միջազգային օրվա կապակցությամբ: Տարածական տվյալների արդյունավետ կառավարումը մեծացնում է թափանցիկությունը և աշխատանքի արդյունավետությունը: Համոզված եմ, որ այս աշխատաժողովը կնպաստի կրթական կազմակերպությունների, մասնավոր ընկերությունների և պետական կառավարման համակարգերի միջև արդյունավետ համագործակցության ամրապնդմանը, ինչը կխթանի գեոդեզիայի ոլորտում նորարար և կիրառական լուծումների ներդրումը»:
Միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ Անուշ Մարգարյանը, Կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Վահագն Մուրադյանը, Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդիկառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետ Խաչիկ Գեբեշյանը, Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության փորձագետ Ստեփան Դավթյանը, Երևանի քաղաքապետարանի կառավարման և տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետ Մաշտոց Ավետիսյանը, ԱՏՀ վերլուծաբան Ստեփան Խաչատրյանը, «Գեովայբ» ՓԲԸ-ի համահիմնադիր Էրիկ Գյուլազյանը և Hyphen 4-ի տնօրեն Սյունե Առաքելյանը:
Աշխատաժողովը նպաստեց, որ ոլորտի մասնագետները ծանոթանան գործնականում և պետական կառավարման համակարգերում ԱՏՀ-ի կիրառություններին և զարգացման միտումներին: Միջոցառումը հանդիսացավ նաև հարթակ ուսանողներին, կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ոլորտի մասնագետներին, կառավարման մարմիններին ավելի ընդգրկուն և հասանելի դարձնելու և ծանոթացնելու համալսարանի արդի տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներին և ուսումնական գործընթացներին: